Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Գյումրիի օրվան ներկա չգտնվելու մասին ասել է, այն ինչ ասել է, իսկ ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ասածի մասով հարցրեք իրեն. Tert.am –ի հետ զրույցում նման մեկնաբանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը՝ ի պատասխան հարցի, թե Միրզոյանն ու Փաշինյանը նույն հարցի վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ ու մեկնաբանություններ էին տվել:
«Մնացած, արդեն, մեղավորների հարցում, աշխատանքային դետալներ են, որոնք հարցի հրապարակային կոնտեքստում այդքան էլ էական չեն»,-ավելացրել է Արման Եղոյանը:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը, կեսգիշերին մոտ՝ 23։30-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Անկեղծ ասած՝ միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ:
Չնեղվեք իմ հարազատ գյումրեցիներ»:
Մինչդեռ, Արարատ Միրզոյանը կեսօրին վարչապետի՝ Գյումրիում ներկա չլինելուն միանգամայն այլ բացատրություն էր տվել, ասելով. «Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում Գյումրին, խնդրել է իր սերը փոխանցել ու շնորհավորանքը։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ է վերադարձել մի քանի օր տևած գործուղումից, շատ կուտակված բաներ կային և վարչապետը շտապել է և իր աշխատասենյակում է։ Վստահ եմ, որ ֆիզիկապես ներկա չլինելը ոչ մի բան չի նշանակում»: