5 Հուլիսի, 2023

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր մարմնում նախատեսվում է փոփոխություն․ ավելի քան 5 տարի պաշտոնավարելուց հետո հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանն առաջիկայում կդադարեցնի իր աշխատանքը որպես հիմնադրամի ղեկավար: Սոնա Կոշեցյանը մեծ ներդրում ունի «Այբ»-ի բոլոր կարևոր նախաձեռնություններում. մեզ հետ է 2009 թվականից և ստանձնել է պատասխանատու պաշտոններ: Եղել է «Այբ» դպրոցի փոխտնօրեն զարգացման ծրագրերի գծով, Դիլիջանի կենտրոնական դպրոցի հիմնադիր տնօրենը, ղեկավարել «Արարատյան բակալավրիատ» ծրագրով նոր դպրոցների անդամակցության ողջ գործընթացը, նաև մասնակցել Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ստեղծման աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

Վերջին հինգ տարիների ընթացքում Սոնա Կոշեցյանը ոչ միայն եղել է «Այբ» կրթական հիմնադրամի հմուտ առաջնորդ՝ զարգացնելով հիմնադրամի կարողությունները և ձևավորելով կուռ թիմ, այլ նաև մեծ ներդրում ունեցել կրթության շուրջ մարդկանց ու կազմակերպություններին միավորելու ձեռնարկներում:

«Մենք վստահ ենք, որ Սոնան կշարունակի լավագույն կերպով ծառայեցնել իր մեծ փորձը մեր հանրությանը, միաժամանակ մնալու է «Այբ» համայնքի անդամ՝ ունենալով այնտեղ կարևոր դերակատարություն: «Այբ»-ը դինամիկ զարգացող կառույց է և ճկուն՝ իր առաքելությունն առաջ տանելու և նոր զարգացումներին համընթաց վերափոխվելու, նաև սերնդափոխություն ապահովելու հարցում»,-ասել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:

 

kotayk

Լրահոս