12 Հունիսի, 2023

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ հունիսի 12-ին տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը:

Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգի, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի թեկնածությունը:

Գլխավոր դատախազը բարձր է գնահատել թեկնածուի մասնագիտական և մարդկային հատկանիշները, համակարգում անցած ճանապարհը և ևս մեկ անգամ ընդգծել իր կողմից Դատախազությունում բարձր պաշտոններում կատարվող նշանակումների տրամաբանությունը:

«Նշանակումները կատարում եմ երկար տարիներ Դատախազությունում ծառայած, փորձ ունեցող այն աշխատակիցներից, որոնք անկախ անձերից, ժամանակներից և իրավիճակներից հավատարիմ են եղել իրենց մասնագիտությանը, իրենց առաքելությանն ու մեր հայրենիքին»: Կոլեգիայի անդամները դրական կարծիք են հայտնել Լիլիթ Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ և կարևորել նրա պրոֆեսիոնալիզմը, աշխատանքի նկատմամբ նվիրվածությունն ու պատասխանատու լինելը:

Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն էլ շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին վստահության համար և ընդգծել պատրաստ է ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել իր աշխատանքը:

Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

 

Լրահոս