5 Հոկտեմբերի, 2021

ԱԺ ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են հանրապետության նախագահին, որպեսզի վերջինս Սահմանադրական դատարանում վիճարկի օրեր առաջ ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը, որով պետք է տեղի ունենա համայնքների խոշորացում։

Սրա արդյունքում մինչեւ տարեվերջ 3 փուլով ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու։ Առաջինը տեղի է ունենալու հոկտեմբերի 17-ին, երկրորդը՝ նոյեմբերի 14-ին, երրորդը՝ դեկտեմբերի 5-ին։ Խոշորացվում են Գյումրին, Աբովյանը, Դիլիջանը, Արտաշատը, Աշտարակը, Թալինը, Իջեւանը, բազմաթիվ մեծ ու փոքր գյուղեր, որոնք միավորվելու են ու խոշոր համայնքներ դառնան։ Ընդդիմությունը մոտ 7 էջանոց հիմնավորումներ է ուղարկել նախագահին, թե ինչու չի կարել ստորագրել այս օրենքը` ակնկալելով, որ Արմեն Սարգսյանն ընդառաջ կգնա իրենց հորդոր-պահանջին եւ կդիմի ՍԴ՝ ԱԺ ընդունած օրենքի սահմանադրականության հարցը վիճարկելու խնդրով։ Նախագահն օրենքն ընդունելու, մերժելու կամ ՍԴ դիմելու համար 21 օր ժամանակ ունի։ Եվ եթե Արմեն Սարգսյանը որոշի բավարարել ընդդիմության պահանջն ու դիմել ՍԴ, ապա իշխանությունը խնդիրներ կունենա՝ կապված ընտրությունների անցկացման՝ օրենքով նախատեսված ժամկետների հետ։

Երեկ մեզ չհաջողվեց նախագահականից մեկնաբանություն ստանալ, թե ինչպիսին է նախագահի դիրքորոշումը։ Փոխարենը մեզ տեղեկություն հասավ, որ հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ այդ հարցը, Փաշինյանը փորձել է համոզել նախագահին կամ պարտադրել, որ վերջինս վավերացնի օրենքը` չփորձի խոշորացման մասին օրենքն ուղարկել ՍԴ։ Հիմա նախագահականում հիմնավորումների վրա են աշխատում, թե ինչպես մերժեն ընդդիմությանն ու «հիմնավորեն», որ ԱԺ ընդունած օրենքը միանգամայն սահմանադրական է, եւ ՍԴ ուղարկելու կարիք չկա։

Թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, որտեղից հաստատեցին այն մտահոգությունները, որ եթե նախագահը հանկարծ որոշի օրենքն ուղարկել ՍԴ, ապա իրենք խնդիրներ կունենան։ Նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը նախ ասաց, որ այս պահի դրությամբ չեն ցանկանում ենթադրություններ անել, բայց կարծում են, որ իրավական առումով նախագիծը խնդիրներ չունի, եւ, ըստ էության, հիմքեր չկան՝ վիճարկելու նախագիծը։ «Բայց, ամեն դեպքում, եթե հակառակ որոշում կայացվի, բնականաբար, խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ ընտրությունների օրերը նշանակված են արդեն, քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրություններին, ակտիվ նախընտրական շրջան է, ու, բնականաբար, միայն ժամկետների ու նախապատրաստական աշխատանքների մասով էական խնդիրներ կառաջանան»։

Մնում է պարզել, թե ինչու են ընտրությունների համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ընդունումն այսքան ուշացրել եւ ինչպես են ընտրություններ հայտարարել` առանց այդ օրենքների:

Աղբյուրը՝ Hraparak.am

 

kotayk

Լրահոս