19 Դեկտեմբերի, 2024
Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Արմենպրեսին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանն ու նշել, որ Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց բարձրացնելը բանակցությունները կմտցնեն փակուղի։

«Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրական ակտին: Սահմանադրական ակտն իր հերթին հղում է անում 1918թ. մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին Հանրապետության Անկախության հռչակագրին, որն արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին Հանրապետությունը ներառում է Արեւելյան եւ Հարավային Անդրկովկասը: 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը»,- հայտարարել է Փաշինյանն ու ավելացրել՝ «Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Բայց մենք Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չենք բարձրացնում երկու պատճառով. նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ երկրորդը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու սույն պայմանագրի իրագործման ձախողումը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ առաջ չքաշել»

Լրահոս