2 Նոյեմբերի, 2024
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արդյունաբերական հնամենի կենտրոններից մեկի՝ Ագարակի 75-ամյակի առթիվ, որում մասնավորապես ասված է․
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անունից շնորհավորում եմ Ագարակի 75-ամյակի կապակցությամբ։

Ագարակը պարզապես վայր չէ քարտեզի վրա. այն հայ ժողովրդի տոկունության, համառության և տքնաջան աշխատանքի խորհրդանիշներից մեկն է։ Ագարակը Հայաստանի Հանրապետության հարավային դարպասն է, որը մեծ ներուժ ունի տնտեսական և այլ ոլորտներում։

Տարածաշրջանն ունի հանքարդյունաբերական հարուստ ավանդույթներ, որոնք սկիզբ են առել 19-րդ դարից: Ագարակցիների բազմաթիվ սերունդներ զգալի ներդրում են ունեցել ոչ միայն քաղաքի ձևավորման և զարգացման գործում, այլև Հայաստանի տնտեսության զարգացման մեջ նրա պատմության տարբեր փուլերում՝ 19-21-րդ դարերի ընթացքում։ Այս տարածաշրջանի բնակիչները սերնդեսերունդ փոխանցել են գիտելիքներ և փորձ, հպարտություն իրենց մասնագիտությամբ: Մոտ 1200 ագարակցի այսօր շարունակում է իրենց նախնիների գործը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների շարքերում։

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը կայուն ներդրում ունի Հայաստանի բյուջեի եկամուտների ձևավորման գործում։ Այս տարի ԱՊՄԿ-ն հանրապետության երեսուն խոշոր հարկատուների թվում է։ Սա համեմատաբար փոքր ձեռնարկության համար ավելի քան արժանի տեղ է, և այս ձեռքբերման մեջ առկա է բոլոր ագարակցիների ներդրումը, որոնց մեծ մասն այս կամ այն կերպ կապված է ձեռնարկության պատմության հետ։ Առջևում դեռ շատ աշխատանք կա տնտեսական նոր ձեռքբերումների ճանապարհին, և այդ ճանապարհն անցնում է ոլորտի, տարածաշրջանի և երկրի զարգացման միասնական տեսլականով:

Շնորհավորում եմ Ձեր տոնը, սիրելի ագարակցիներ»։

Լրահոս