11 Ապրիլի, 2023

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի խորհրդարանի ձեւավորումից ի վեր՝ մեր երկրի օրենսդիր մարմնում աղմկահարույց դեպքերն անպակաս են եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը պատմական ակնարկ է կատարել՝ հիշեցնելով խորհրդարանում պատգամավորների միջեւ արձանագրված մի շարք «հնչեղ» միջադեպերը, որոնք ծեծկռտուքով կամ ձեռնամարտով են ավարտվել: Այսպիսով, 1997թ.-ի սեպտեմբերին սեւ կատու է անցնում Պարույր Հայրիկյանի եւ նրա ամենահավատարիմ զինակից Արամազդ Զաքարյանի միջեւ։ Հայրիկյանը ապտակում է Զաքարյանին լրտես կոչելու համար։ Այդ ապտակը Հայրիկյանն անվանել էր հայրական:

Անահիտ Բայանդուրը գերագույն խորհրդի պատգամավոր իր գործընկեր Խաչիկ Ստամբոլցյանի մորուքից բռնել ու քաշքշել էր, մի քանի հոգով դժվարացել էին զատել տիկնոջ ձեռքերից Ստամբոլցյանին:

Աղմկահարույց հաջորդ միջադեպը խորհրդարանում արձանագրվել էր 2002 թ.-ին, երբ Ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի ՀՀԿ ական պատգամավոր Լեւոն Սարգսյանը ԱԺ նիստերի դահլիճում հարձակվել էր ընդդիմադիր պատգամավոր, ՀԺԿ-ական Արամայիս Բարսեղյանի վրա եւ հարվածներ հասցրել նրան:
2014թ.-ի նոյեմբերին ծեծկռտուք էր եղել ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի միջեւ:

Վեճի առարկան եղել էր Ֆարմանյանի այն հայտարարությունը, թե ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն իր ընտրատարածքում փող է բաժանել՝ հօգուտ ՀԱԿ-ի: Այս հայտարարությունն այնքան էր վրդովեցրել Զուրաբյանին, որ նա պատիվ էր պահանջել Ֆարմանյանից, ապա, իր խոսքերով ասած, ծանոթացրել նրան իր ոտքի չափսին մոտիկից:

2017թ.-ի հոկտեմբերին ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը խորհրդարանի միջանցքում մոտեցել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ու բռունցքներով հարվածել նրան: Փաշինյանն էլ նրան էր ոտքով հարվածել:
Հեղափոխական խորհրդարանը եւս բազմիցս աչքի է ընկել նման աղմկահարույց միջադեպերով:

Այսպիսով, 2020թ.-ի մայիսին Խորհրդարանում ծեծկռտուք տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ու ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ: Երբ ելույթ էր ունենում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից վեր կացավ եւ ապտակեց Մարուքյանին:

2020թ.-ի հունվարին հերթական ծեծկռտուքն էր տեղի ունեցել Ազգային ժողովի շենքի մոտ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների միջեւ: Գաբրիելյանը հարվածել էր քաղաքացիներից մեկին:

2021թ.-ի օգոստոսին ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ դահլիճում ոտքով հարվածել էր ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանին:
Նույն օրը ԱԺ-ում տեղի էր ունեցել եւս մեկ միջադեպ ընդդիմադիրների եւ իշխանական պատգամավորների միջեւ, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին` վիրավորական արտահայտություններ թույլ տալով նրա հասցեին, որից հետո Օհանյանը շիշ էր նետել Սարգսյանի ուղղությամբ։

Հետաքրքիր է, որ բոլոր այս միջադեպերի մասով պատգամավորներից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, գլխավոր դատախազը պատգամավորների հետեւից չի եկել, իսկ, ահա, այսօր գլխավոր դատախազը կգա խորհրդարան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար խորհրդարանի «թույլտվությունը» ստանալու: Սա աննախադեպ բան է հայրենի խորհրդարանի պատմության մեջ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս