6 Մայիսի, 2023
Կրկնակի շրջափակման մեջ գտնվող Արցախի Եղցահող գյուղում բնակիչներն ապրում են բնականոն կյանքով, գյուղից ոչ մեկ չի էլ պատրաստվումա անցնել ադրբեջանցիներ տեղադրած անցակետով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

«Մեր գյուղից մինչեւ հիմա որեւէ մեկը դուրս չի եկել, ադրբեջանական անցակետով չեն անցել, հիմա էլ դուրս չեն ցանկանում գալ, մինչեւ հարցը լուծվի: Առաջին անհրաժեշտության դեղորայք եւ այլ մթերքներ, անասունների համար անասնակերը գյուղ են հասցրել ռուս խաղաղապահները»,-ասաց նա:Գյուղապետը նշեց, որ գյուղից միայն երկու հոգի  առողջական խնդիրներով Գորիս էին մեկնել, այժմ աշխատանքներ են տանում նրանց վերադարձնելու համար:

Հակոբյանի խոսքով՝ գյուղում խուճապ չկա, գյուղացիները հաստատակամ են իրենց գյուղում ապրելու հարցում, չեն էլ ցանկանում լքել իրենց տները:

«Գյուղացիները եթե գյուղը լքելու ցանկություն ունենային, նախքան կամրջի փակվելը կլքեին գյուղը, բայց, ընդհակառակը, մի բան էլ ավելացել են, կոնկրետ՝ 2-3 ընտանիք ավելացել են», – նշեց նա:

Նշենք, որ Եղցահողն ունի 153 բնակիչ:

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից:

 

 

kotayk

Լրահոս