22 Ապրիլի, 2025
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Նկատում եմ, հայ հանրության ուղղակի, թե անուղղակի նախատինքը հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապին կամ նրա գահակալության ժամանակաշրջանին՝ նրա այդ ժամանակահատվածում Վատիկանի ու Բաքվի փոխհարաբերության սերտացման առնչությամբ:

Նախ, արձանագրենք, որ Ֆրանցիսկոս Պապի գահակալության ժամանակահատվածն աչքի է ընկել նաեւ Երեւան-Վատիկան փոխհարաբերության սերտացմամբ:

Դրանից զատ, Ադրբեջանը Վատիկանի ուղղությամբ իր քաղաքականության ակտիվացման աշխատանքը սկսել է դեռեւս նախորդի՝ Բենեդիկտոսի պաշտոնավարման շրջանից: Բաքվի եւ Վատիկանի փոխհարաբերությունը կառուցվել է ոչ թե Պապերի անձի, այլ ինստիտուցիոնալ շահերի սկզբունքով:

Հայաստանը Վատիկանի հետ փոխհարաբերությունը ըստ էության «բաց է թողել» 2018-ից հետո: 2018-ից հետո այդ ուղղությամբ չի եղել որեւէ էական նշանավորում: Միայն 2024 թվականի նոյեմբերին եղել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային առաջին այցը Վատիկան եւ հանդիպումը Պապի հետ:

Վատիկանի ուղղությամբ աշխատանքային արդյունավետության համար պետք էր պետություն-եկեղեցի համակարգված աշխատանք: Բայց 2018-ից հետո մենք ըստ էության ունենք այդ դաշտում բոլորովին այլ պատկեր, դիմակայություն: Ընդ որում, այստեղ պատասխանատվությունը երկու կողմում է, բայց ԳԼԽԱՎՈՐ կողմը պետությունն է, կամ այն ուժը, որ հայտնվել է պետության ղեկին, որովհետեւ եկեղեցու հանդեպ քաղաքականությունը եւ եկեղեցու հետ հարաբերությունը կառուցվել է ոչ թե պետական, այլ քաղաքական կանյուկտուրայի մղումով:

Ընդ որում, դա նվազագույնը, որովհետեւ մեղմ ասած կան հանգամանքներ եզրակացնելու, որ ընդհանրապես պետական քաղաքականության գիծ է դիտվել հայկական պետականության ինքնության նկարագրում եկեղեցու ինստիտուցիոնալ դերը չեզոքացնելու հարցը:

Կրկնեմ, սա ոչ թե ՀԱԵ պատասխանատվությունը ծածկելու մասին է, այլ ՊԵՏՈՒԹՅԱՆ պատասխանատվության առանցքայնությունն ընդգծելու:

Ադրբեջանը Վատիկանի հետ հարաբերվել է փողով, ինչը մեղմ ասած «օտար մարմին չէ» համաշխարհային ֆինանսա-բանկային կապիտալի «գլխավոր տապաններից» մեկը հանդիսացող Սուրբ Աթոռի համար:

Հայաստանի հարաբերման համակարգը պետք է կառուցված լիներ հոգեւոր արժեհամակարգային ճարտարապետության եւ պետական քաղաքականության համակարգում դավանաքաղաքականության կոնցեպտուալ առկայության հիմքով»:

Լրահոս