17 Օգոստոսի, 2023
Այս տարվա սկզբին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել էր, որ եկող շաբաթների ընթացքում Լաչինի միջանցքի հետ կապված քայլերի կտրուկ ակտիվացում կլինի սփյուռքում։ Նա վստահեցրեց, որ այդ հարցի հետ կապված մոբիլիզացրել են ռեսուրսները` ոչ միայն համայնքային կառույցների իմաստով, այլ նաև սփյուռքի երիտասարդ դեսպաններն են ակտիվ աշխատում բոլոր երկրներում։ Ընդհանուր առմամբ, Սինանյանը հուժկու ցույցեր էր խոստանում իր իսկ կողմից մոբիլիզացրած ռեսուրսներով, որոնք պետք է նպաստեին Լաչինի միջանցքի օր առաջ բացմանը:

Անցել է շուրջ ութ ամիս, սակայն, ոչ Լաչինի միջանցքն է բացվել, ոչ էլ Սինանյանի անոնս արած ռեսուրսների մոբիլիզացիային ենք ականատես եղել: Ավելին՝ ինքը՝ Սինանյանը, այնքան է պասիվացել և կորել հանրային տիրույթից, որ անգամ վերջինիս դարակազմիկ և պատմական վոյաժների մասին նորություններ չեն սպրդում հայկական մեդիա: Հարց է առաջանում՝ ինչո՞վ է զբաղված հանձնակատարը, ով ի պաշտոնե պետք է այս օրերին ամենաակտիվը աշխատեր սփյուռքի հետ:

Իհարկե, սփյուռքում բողոքի ակցիաներ կազմակերպվում են, բայց որպես կանոն տեղի փոքրաթիվ  հայերի ջանքերով և Սինանյանի խոստացած ռեսուրսների մոբիլիզացիայի ստվերն անգամ չի երևում:

Ինչպես հասկանում ենք՝  իր կառույցի գլխավոր գործիքակազմը Սինանյանը համարում է տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ սփյուռքի մեր հայրենակիցներին տեղյակ պահելը: Ասել է թե, Սինանյանը և իր կառույցը ստանձնել են լրատվամիջոցի դեր, կարծես թե, ոչ թե Արցախն է գտնվում ադրբեջանցիների բլոկադայի, այլ սփյուռքն է գտնվում ինֆորմացիան բլոկադայի մեջ և տեղեկություններ ստանալու միակ աղբյուրը, իհարկե, հանձնակատարի գրասենյակն է: Զարեհ Սինանյանը կրկին անգամ ձեռքերը լվանում է սփյուռքից և գուցե դա նաև ինչ-որ տեղ սպասելի էր: Ի վերջո նրան հաջողվել է այնպիսի սեպ խրել Հայաստան-Արցախ-սփյուռք հարաբերությունների մեջ, որ դժվար էլ թե սփյուռքի մեր կառույցները ցանկություն ունենային աշխատել Սինանյանի ղեկավարած կառույցի հետ և դժվար էլ առանձնահատուկ հույսեր կապեին վերջինիս ունեցած գործիքակազմի հետ: Հետաքրքիր է միայն՝ իսկ ինչի համար է բյուջեից հարյուրավոր միլիոնների գումար դուրս գրվում Սինանյանի գրասենյակին, եթե հարկ եղած ժամանակ վերջինս մշտապես լվանում է ձեռքերը և մի կողմ քաշվում՝ մաքսիմում կատարելով յուրահատուկ տեղեկատվական շտաբի գործառույթներ…

 

 

kotayk

Լրահոս