24 Մայիսի, 2023
ԱՄՆ վարչակազմը խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքի շրջանակում առավել վիճահարույց հարցերի լուծման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեք Հոգանը։

Նա վստահեցրել է, որ երկու երկրների բանակցային գործընթացում տեղաշարժ կա։

«Մայիսի սկզբին պետքարտուղարն ընդունեց երկու երկրների արտաքին գործերի նախարարներին, որպեսզի մշակեն ամենավիճահարույց հարցերից մի քանիսը` ներառյալ, օրինակ, սահմանային շրջանում զորքերի հետքաշումը, համաձայնագրում վեճերի լուծման մեխանիզմը, որին մենք փորձում ենք հասնել, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Դրանք շատ են այն հարցերից, որոնք մենք մշակում ենք», – նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում։

Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ եռակողմ` հանդիպում եղավ Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։

Հոգանը կարծում է, որ նշված հանդիպմանը տեղի է ունեցել ինտենսիվ դիվանագիտական փոխգործակցություն երկու կողմերի միջև։

«Մենք հիմա պարզում ենք, թե ինչ կարելի է անել ամենավիճահարույց հարցերի շուրջ։ Մենք առաջ ենք քաշել մի շարք առաջարկներ։ Դրանք, հնարավոր է, երկու կողմերին որոշ ձևակերպումների հնարավորություն են տվել, որոնք թույլ են տալիս հաղթահարել տարաձայնությունները։ Նրանք քննարկում են այդ առաջարկները», – հայտնել է Պետդեպարտամենտի աշխատակիցը։

Նա նշել է, որ անցած շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ զրուցել է հասկանալու համար, թե որ ուղղություններով կարելի է առաջ շարժվել։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` հունիսի 1-ին Քիշնևում նախատեսված հանդիպմանը, որին մասնակցելու են Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Հոգանը նշել է, որ հանդիպմանը ուշադրությունը կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչ է պետք անել, որպեսզի գործն ավարտին հասցվի։

«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պետքարտուղարն ակտիվ ջանքեր է գործադրել, հատկապես առևտրային և մասնավոր տրանսպորտի համար այն բացելու համար», – ավելացրել է Հոգանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 18-ին կառավարության նիստում հայտարարեց, որ մայիսի 25-ին Մոսկվայում Փաշինյան–Ալիև–Պուտին եռակողմ հանդիպում է կայանալու։

kotayk

Լրահոս