18 Ապրիլի, 2023
Փաստենք, որ Դուք 5 տարի է՝ իշխանություն եք, բայց 500 անգամ ավելի շատ խոսել եք նախկին երեք իշխանությունների բանակցած փաստաթղթերից, քան Ձեր բանակցածի։ Այս մասին ԱԺ-ում հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Անգամ 2018-2020թթ-ի միջակայքում, չնայած որ Հանրապետության հրապարակը ագորա էիք հռչակել, այդպես էլ ժողովրդին չներկայացրիք, թե ինչ է բանակցվում, հետո պետք է պարզվեր, որ բանակցային վերջին՝ խմբագրված տարբերակը բանակցությունների սեղանին եղել է 2019թ-ի ամռանը։ Դուք Մադրիդյան փաստթուղթը ներառել եք Ձեր նախընտրական ծրագրում, հիմա հայտաարում եք, որ դրանով ԼՂ-ն ճանաչվել է Ադրբեջանի մաս, այդ դեպքում ինչո՞ւ Կազանում Ադրբեջանը ստորագրելուց 5 պակաս հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը։ Այս ամեն ինչի մասին Ձեր տարատեսակ կարծիքներն ու դիտանկյունը ե՞րբ է փոխվել»,- ասաց Խամոյանը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Դուք ասացիք՝ իմ բանակցած փաստաթղթի մասին բան չեմ ասել, շատ ճիշտ եք ասում, որովհետև ես բան չեմ հասցրել բանակցել, ես բան չեմ բանակցել, որ փաստաթուղթ հայտնվի սեղանին։ 2019թ-ի ամռանը սեղանին դրված փաստաթուղթը ինձնից առաջ բանակցությունների արդյունքների ամփոփումն է։ Դա այն իրավիճակի ամփոփումն է, երբ Սերժ Սարգսյանը այս ամբիոնից արեց հայտնի հայտարարությունը։ Ինքնորոշման հետ կապված՝ ես պարզ բան եմ ասում, իմ վերաբերմունքը հենց սկզբից է փոխվել։ Եթե Դուք նայեք 2019թ. մարտին ԼՂ-ի ու ՀՀ-ի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում իմ ունեցած ելույթը, կտեսնեք, որ այն ժամանակ ասում էի նույն բանը, ինչ այսօր։ Ինքնորոշման իրավունքի այն կոնցեպտը, որը դրված է եղել 2007-ին, եղել է հետևյալը՝ մինչև ԼՂ-ն չճանաչվի Ադրբեջանի մաս, ինքնորոշման իրավունքը չի կարող իրացվել ձեր ձեռք բերած պայմանավորվածություններով»։

Արձագանքելով՝ պատգամավորը նշեց, որ ինչպես հետագայում պարզվել է, 2019թ. սեղանին եղել է, այսպես կոչված, «փուլային» փաստաթուղթը և որ Փաշինյանը 2 տարի հայ ժողովրդից թաքցրել է բանակցային գործընթացի նրբությունները։

««Զրոյական» կետն այն է, որ ես ասել եմ՝ եկեք հասկանանք, թե ինչ է «Մադրիդյան սկզբունքները», այս սկզբունքներով ԼՂ-ն կարո՞ղ է ինքնորոշվել, կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում, որից հետո ստացել եմ պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա է «զրոյական» կետը, հարգելինե՛րս։ Հիմա իմ սխալը ո՞րն է՝ ես պետք է այն ժամանակ կանգնեի, բանակցային թղթերը ցույց տայի և ասեի՝ ժողովուրդ, մենք հասել ենք այս կետին, տարբերակ չունենք: Ա՛յ դրա համար ինձ արժե դատել, որ չեմ եկել ասել՝ գիտեք՝ ինչ, այս խաղը ավարտված խաղ է։ Եթե ինձ մեղադրում եք, գոնե սրանում մեղադրեք, գուցե դա կարելի է պոպուիլիզմ էլ անվանել, մեղադրեք նրա մեջ, որ չեմ եկել ասել այս խաղը պրծած խաղ է և ինչքան ձգենք, այնքան ծանր հարված ենք ուտելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։։

kotayk

Լրահոս