28 Մարտի, 2024

Կառավարության որոշմամբ՝ պահուստային ֆոնդից կհատկացվի 19 միլիոն դրամ՝ Գազայի հատվածում վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված՝ ծանրագույն սոցիալ-տնտեսական պայմաններում գտնվող շուրջ 1,5 միլիոն անձի մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Ինչպես նշել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մարդասիրական օգնություն՝ մթերք և դեղեր՝ հասցեագրելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները: Հումանիտար բեռում լինելու են պահածոյացված մթերք, չոր սնունդ, դեղեր, այդ թվում՝ բժշկական լուծույթներ և հակաբիոտիկներ: «Ընդհանուր առմամբ՝ մարդասիրական օգնությունը կազմում է 29,94 տոննա:

Զուգահեռաբար, քանի որ մարդասիրական օգնության տեղափոխումն ապահովում է Պաշտպանության նախարարությունը, առաջարկվում է նաև ՊՆ-ին հատկացնել համապատասխան միջոցներ՝ աերոնավիգացիոն ծառայությունների, ավիացիոն վառելիքի և մնացյալ պրոցեսների կազմակերպման նպատակով»,- ասել է ՆԳ փոխնախարարը: Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը հիշեցրել է, որ հումանիտար բեռի առաքման վերաբերյալ հայտարարել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Ըստ վարչապետի՝ հարցեր էին ծագել լոգիստիկայի հետ կապված, և հումանիտար աջակցությունը հենց Գազայի բնակիչներին հասցնելու հարցում Եգիպտոսի կառավարության աջակցության անհրաժեշտությունն էր առաջացել: «Այցի ընթացքում այդ պայմանավորվածությունը ձեռք բերեցինք, որովհետև մենք չենք կարող իրադրության պատճառով բեռն ուղիղ հասցնել հենց Գազայի գոտի և հենց շահառուներին:

Այդ պատճառով մենք նաև աշխատանքային մակարդակով Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն»,-նշել է վարչապետը:

kotayk

Լրահոս