20 Դեկտեմբերի, 2024

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ազդեցությանը ՀՀ-ի տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման վրա:

Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից՝ մանրամասնելով, որ միջոցառման պատվավոր հյուրն է եղել ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը, որը դեսպան Լիլիթ Մակունցի հետ մասնակցել է քննարկմանը:

Դեսպան Մակունցն իր բացման խոսքում բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման գործում:

Դեսպանը նաև երախտագիտություն է հայտնել Սամանթա Փաուերին ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները և միջազգային զարգացումն առաջ մղելու առաջնորդության համար։

«Կառավարիչ Փաուերն իր ելույթում վերահաստատեց Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ամուր գործընկերությունը՝ ընդգծելով շարունակական համագործակցության կարևորությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են էներգետիկ անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը և պարենային անվտանգությունը»,-նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Քննարկումը համակարգել է դեսպան Մարի Յովանովիչը՝ հեղինակավոր դիվանագետ, որը 2008-2011 թվականներին եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Քննարկմանը հաջորդել է հարցուպատասխանի հատվածը, որի ընթացքում դեսպան Մակունցը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները խարսխվում են նախևառաջ երկու պետությունների ընդհանուր արժեքների վրա։ Դեսպանը նաև համոզմունք է հայտնել, որ մի շարք հարցերում ՀՀ-ն և ԱՄՆ-ն ունեն համընկնող ռազմավարական շահեր, որոնցից է խաղաղությունը Հարավային Կովկասում։ Դեսպանն անդրադարձել է նաև Սփյուռքի դերակատարմանը՝ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման հարցում։

Դեսպան Լիլիթ Մակունցը եզրափակել է միջոցառումը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Միացյալ Նահանգների հետ իր գործընկերությունն ամրապնդելու հարցում։

«Նա լավատեսություն հայտնեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում շարունակական համագործակցության և այդ հարաբերությունները ԱՄՆ ձևավորվող նոր վարչակազմի հետ էլ ավելի ամրապնդելու վերաբերյալ»,-հայտնել է դեսպանությունը՝ հավելելով, որ միջոցառումը, որին մասնակցել են ԱՄՆ կառավարության, Կոնգրեսի, վերլուծական կենտրոնների, հայ համայնքի ներկայացուցիչները, ավարտվել է ընդունելությամբ։

Լրահոս