Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է․
«Վաղը լրանում է 4-րդ տարին, ինչ հայ ժողովուրդը սկսեց հերքել 21-րդ դարի իր պատմության ամենաողբալի ու դաժան էջը՝ պարտությունը։ Կապիտուլյացիա, որը սկիզբ դրեց շատ ավելի մեծ պարտությունների, որոնք դեռ շարունակվում են։
Բոլորը գիտեն. պարտության գլխավոր պատճառը հեղափոխությունն է։ Ընդունելով պարտությունը, գիտակցելով դրա պատճառները, մեր հասարակությունը կգար ցավոտ եզրակացության. այդ պարտության մեջ իրենք ունեն պատասխանատվության իրենց մասը։ Դրանից հետո պետք է ընդուներ հեղափոխական իշխանության անպատրաստ, անկարող, դավաճան ու կապիտուլյանտ լինելը։ Դա ինքնապահպանման միակ տրամաբանական ուղին էր։ Բայց դա տեղի չունեցավ։ Փոխարենը ընտրվեց մեկ այլ ճանապարհ՝ տարօրինակ ու հոգեբանական բարդույթներով խճողված. ժողովուրդը որոշեց մոռանալ պարտությունը, որովհետև չէր կարող զոհաբերել իր «սուրբ կովը»՝ հեղափոխությունը, չէր կարող ընդունել իր ձևավորած իշխանության դավաճան ու սնանկ լինելը։ Չէր կարող ընդունել, որ սխալվել է։ Ու մոռացավ պարտությունը՝ սկիզբ դնելով մահաբեր շղթայի ու ավելի ճակատագրական սխալների։
Հանրային կոնսենսուսը բոլոր կողմերից էր։ Քանի որ հասարակությունն ու իշխանությունը պատասխանատու էին պարտության համար, որոշեցին չնկատել այն, հետո այն չհամարել պարտություն, հետո՝ լիազորել նույն իշխանությանը շարունակել հետպատերազմյան բանակցությունները՝ մոռանալով շատ կարևոր հանգամանք. բանակցում են հավասարները, իսկ պարտված երկրի պարտված ղեկավարը կարող է առավելագույնը մուրալ և ժամանակ ձգել՝ այդ ընթացքում տալով ինչ կարող է կամ ինչ պահանջում են, որովհետև եթե ստորագրվի վերջնական կապիտուլյացիան, ապա դա կլինի «մենք չենք պարտվել» հայկական լեգենդի փլուզումը։
Արդեն 4 տարի է այդ մոռացության շղթային ավելանում են նորերը. սկզբում մոռացվեց, որ պարտություն է, հետո մոռացվեցին գերիները, հետո՝ անզեն ու ճակատագրի բախտին թողնված Ջերմուկի դիրքերի զինվորները։ Մոռացվեց, որ առանց որևէ կրակոցի հանձնել է Արցախի հետ կապող անվտանգային գոտիները, և դե ֆակտո իշխանության ուղիղ ստորագրմամբ հանձնվեց Սյունիքի մարզի մի քանի ռազմավարական ճանապարհ, որից հետո առանց դիմադրության թույլ տվեց գրավել Հայաստանի մի քանի այլ ռազմավարական վայրեր ու բարձրունքներ, շարունակելով դա սահմանազատման քողի տալ՝ զրկելով Հայաստանին բոլոր տեսակի պաշտպանական գոտիներից։ Ի վերջո, անգրագիտութան, դավաճանության, ստորության ու հիմարության հետևանքով կորցվեց Արցախը։ Իշխանությունն այն հանձնեց՝ հասարակության հետ լռելյայն համաձայնությամբ։
Ու քանի որ ազատ անկումը շարունակվում է, ապա ձևավորվեց հավաքական նոր բանաձև. «այսպես էլ մնա, լավ է»։ Բայց ամեն անգամ մոռացության, չնկատելու, «նոր նորմալ»-ով ապրելուն խանգարում է մեկ հանգամանք. իրականությունը։ Որովհետև «այսպես» հաստատ չի մնալու, ու արդեն այդպես չէ։ Արդեն վատ է։ Ու չկա որևէ իրատեսական սցենար, որով լավ է լինելու։ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի պատմությունը չունի դրական ելքի շանս, քանի դեռ 44-օրյա պարտությունը չի արձանագրվել որպես մեր նոր վերամեկնարկի զրոյական կետ, մինչև այն չի ֆիքսվել որպես բոլոր պրոբլեմների հիմք, մինչև չեն հստակեցվել պարտության մեղավորներն ու պատասխանատուները։
Պացիենտը պետք է հասկանա, որ հիվանդ է, որ բուժումը մեկնարկի։ Պետք է հասկանաս, որ քաղցկեղ ունես, որից հետո գիտակցությամբ, էներգիայով, դեղերով, ամեն ինչ փորձես հաղթել հիվանդությունը, փորձես կենդանի մնալ։ Անտեսելով մահաբեր հիվանդությունը՝ դու հրաժարվում ես ապրելուց։ Նույնն էլ հանրային մակարդակում։ Մինչև մենք չհասկանանք, որ 44-օրյա պատերազմի պարտությունը մեր այսօրվա ու ապագայի բոլոր խնդիրների առանցքն է, մինչև չհասկանանք այդ պարտության պատճառներն ու չբացահայտենք ու չպատժենք մեղավորներին, չի լինելու որևէ արժանապատիվ, ապահով ու անվտանգ ո՛չ ապագա, ո՛չ երկիր։
3,043