Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի ժողովրդին Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ:
Մեծապես կարևորում ենք Ձեր կողմից ցուցաբերված հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նկատմամբ: Լիահույս ենք, որ Կատարի Պետության գործուն մասնակցությունը ոչ միայն կնպաստի այդ ծրագրի հաջող իրագործմանը, այլ նաև լուրջ խթան կհանդիսանա Հայաստան-Կատար երկկողմ օրակարգի ընդլայնման և զարգացման համար:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստան այցելելու իմ հրավերը՝ վստահություն հայտնելով, որ Ձեր այցը Հայաստան պատմական հնարավորություն կընձեռի երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:
Այս ուրախալի առիթով մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ կայունություն և բարեկեցություն»,- ասված է ուղերձում։