28 Նոյեմբերի, 2023

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-լիտվական հարաբերությունների դինամիկ բնույթը: Նիկոլ Փաշինյանի խոսքով երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Փաշինյանը կարևորել է նաև միջխորհրդարանական փոխգործակցությունը, այդ թվում միջազգային հարթակներում:

Ռայմունդաս Լոպատան նշել է հայ գործընկերների հետ սերտ համագործակցության փաստը և վստահություն հայտնել, որ երկկողմ կապերը կշարունակեն հետևողականորեն զարգանալ ու ամրապնդվել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի կառավարության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու վերջինիս նպատակներին:

Լրահոս