5 Հուլիսի, 2023
30 տարվա մեջ ոչինչ չի փոխվել այս պետության մեջ, ինչպես անում էին ՀՀԿ-ի օրոք, դրանից առաջ, նույն մոդելն էլ հիմա է կիրառվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը, որը հայտարարել է Երեւանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։

«Իշխող ուժն արդեն լծվել է Երեւանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին, որովհետեւ գիտակցում է, որ նման վարկանիշի դեպքում իր թեկնածուն խայտառակ պարտվելու է: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ 2018-ին Հայկ Մարությանը չէ, որ ընտրվել է քաղաքապետ, այլ ընտրվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը»,– ասաց Թարվերդյանը՝ վստահություն հայտնելով, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող ուժին չի հաջողվի ընտրողների մեծամասնության ձայները ստանալով ավտոմատ քաղաքապետ դարձնել իր թեկնածուին:

«Այս ընտրություններում այդպիսի ճոխություն չի կարող վայելել իշխող ուժը»,-ասաց նա:

Թարվերդյանը նկատեց, որ ոչ միայն Տիգրան Ավինյանի վարկանիշն է ցածր, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանի. «Տարբեր հարցումների համաձայն՝ նրանց վարկանիշը 17-18 տոկոս է: Բնական է, որ եթե նրանք ձգտում են պահպանել իշխանությունը, պետք է աշխատեն, ու դա նորմալ է: Սակայն նրանք հանրային լրատվամիջոցներն օգտագործում են միայն իրենց համար: Այդպես է եղել 30 տարի շարունակ, այս մարդիկ շատ քիչ են տարբերվում նախորդներից: Մարդիկ պետք է գնահատեն իրենց արածը։ Հինգ տարի որեւէ բան չեն արել եւ մի քանի ամսում ուզում են աշխատանք ցույց տալ, ընդ որում, մեկ փոսը մի քանի ամսում չեն կարողանում լցնել։ Ժողովուրդը պետք է գնահատական տա՝ արդյոք ուզում է այդպիսի իշխանություն:

Թարվերդյանի խոսքով՝ նախընտրական ծրագիր ունենալը քիչ է, կարեւորը այն կյանքի կոչելն է, ինչը գործող իշխանությունները չեն կարողանում անել. «Շատ քչերն են դա կարողանում իրականացնել: Այսօրվա իշխանություններն ապացուցել են, որ փակուղային իշխանություններ են, նրանք չեն կարողանում: Ես համոզված եմ, որ շատ են ցանկանում, բայց չեն կարողանում: Նրանք անգամ չեն կարողանում կառավարել միջին օղակի նախկին ՀՀԿ-ականներին։ Այս իշխանությունները բավական անփորձ են հատկապես մարդկային ռեսուրսների կառավարման եւ մասնագիտական առումով: Նրանք կադրերի մեծ դեֆիցիտ ունեն եւ չեն գնում նոր, պրոֆեսիոնալ կադրերի ներգրավման»:

Հարցին, թե ո՞րն է լինելու իրենց քաղաքական ուժի հաջողության բանաձեւը քաղաքապետի ընտրություններում, կուսակցության ղեկավարը պատասխանեց. «Մեր քաղաքական ուժն անելու է ամեն ինչ, որ մեր քաղաքացին տնտեսի իր միջոցները, իր ժամանակը եւ իր նյարդերը: Ամեն ինչ անելու ենք ժողովրդի հետ ուղիղ կապով: Մեր «100 հարց, 100 պատասխան» հավակնոտ ծրագիրն ենք կյանքի կոչելու: Այսինքն՝ առնվազն ամիսը մեկ անգամ Երվանդ Թարվերդյանը պատասխանելու է առնվազն 100 հարցի: Քաղաքն ունենալու է իր լրատվամիջոցը, որով շփվելու է իր ժողովրդի հետ:

Քաղաքապետարանում սուրճ խմողների ինստիտուտը մինչեւ այսօր գործում է: Քաղաքապետարանի անձնակազմը հիմնականում հին անձնակազմն է, որը ինչպես նախկինում, հիմա էլ չի ուզում աշխատել։ Մրցույթներում շարունակում են հաղթել միայն իրենց թիմակիցները։ Իշխանությունները դրա պատասխանը կտան ընտրողների ձայները կորցնելով եւ իշխանությունից հեռանալով: Կամ եթե անգամ նրանք կառավարեն քաղաքը, նրանք կլինեն խիստ վերահսկողության ներքո, ի վերջո, խելքները գլուխները կհավաքեն»:

kotayk

Լրահոս