14 Մայիսի, 2024

Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը:

«ՀԱՎԱՏՈՎ, ԹԵ՞ կույր հավատով

Ասել եմ ու կկրկնեմ.

– Ինձ համար Հավատը, Աստվածները, Եկեղեցին ու Հոգևորականները տարբեր մակարդակների վրա են դասավորված։

Մանրամասնեմ, որ հավատավոր մարդու համար բոլոր դեպքերում, հայ համայնքի հավատացյալների ու անհավատների հետ միասին՝ նրանք մեկ միասնական համակարգի կարևոր օղակներն են։

Հանրային առումով Հավատն այնքան մեծ է, որքան որ ուժեղ են այդ օղակներն առանձին – առանձին վերցրած ու կապն այդ օղակների միջև։
Անձամբ ինձ մոլորություններից փրկում է այն, որ բոլորի հետ միասին, այլ խոսքով ժողովրդի հետ ապրում եմ ոչ թե կույր, այլ առանց մակդիրների

ՀԱՎԱՏՈՎ։

Հիմա.

Մեզանում ասպարեզ է իջել Բարձրաշնորհ Տեր, Արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանը, ով Երկրի ու Ժողովրդի համար ճակատագրական պահին Առաջնորդի դատարկ մնացած Սուրբ տեղը լրացնելու հայտ է ներկայացրել։ Ու բնականաբար հայտնվել է ոչ միայն համայնքի, այլև աշխարհի ուշադրության կենտրոնում։

Նրան այդ դիրքում, ճեղքված հասարակության արատավոր ավանդույթների համաձայն, ոչ միայն ընդունում, հավանում, երկրպագում են, այլև քննադատում են ու քարկոծում։ ժամանակավրեպ վերագրում են դերեր ու պաշտոններ, որոնք շնորհվում ու մերժվում են բոլորովին այլ իրավիճակներում ու այլ կանոնակարգերով։

Մինչդեռ առավել կարևոր է հասունացնել ու ստեղծել այդ իրավիճակները ու շտկել արատավոր կանոնակարգերը։

Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից։

Թեկուզև հիշելով ու հիշեցնելով առաջնորդներից կուռքեր սարքելու ոչ հեռու անցյալի օրինակները։

Այդ մոլորության կրկնությունից մեզ կփրկի կույր հավատից իսպառ հրաժարվելն ու տիեզերական ՀԱՎԱՏՈՎ իրադարձություններին ու դերակատարներին վերաբերվելը։

Մեր հին ու նոր Աստվածները մեզ օգնական ու պահապան»։

kotayk

Լրահոս