Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ակտիվիստ Արթուր Չախոյանը ձայնագրություն հրապարակեց, որտեղ լսվում էր, որ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը նրան աշխատանք է առաջարկում՝ բարձր վարձատվությամբ և լայն լիազորություններով։
Չախոյանը նշեց, որ ինքը մերժել է առաջարկը. «Ես չեմ վաճառվում, ես ունեմ սկզբունք, արժեհամակարգ, և այդ գիծը ես չեմ անցնում։ Բազմաթիվ են եղել պաշտոնների առաջարկները, բայց ես մերժել եմ, որովհետև իմ սկզբունքներին դեմ է։ Եթե ես պաշտոնի լինեմ, բնականաբար, պետք է լռեմ»,-ասաց նա։
Իսկ այն մեղադրանքին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է իրեն ֆինանսավորում, Չախոյանը պատասխանեց՝ իր երեք տարվա հանրային գործունեության ընթացում եղել է «Նիկոլի պրոեկտ», «ադրբեջանական շպիոն», «գործակալ», «ընդդիմադիր դաշտի պրոյեկտն ու իրենց մարդը», բայց դրանք հաստատող ոչ մի փաստ չի եղել։
«Իսկ ինչ վերաբերում է ֆինանսավորմանը՝ այսօր, ոնց հասկանում եմ, ով ընդդիմադիր հայացքներ ունի, կա՛մ երկրի դավաճան է, կա՛մ նախկինների հետ կապված է, կա՛մ ռուսի շպիոն է։ Այսօր ով Նիկոլին չի աջակցում, ուրեմն այդ կարգավիճակում է»,-ասաց նա և նշեց, որ աշխատում է իր անձնական ֆինանսական միջոցներով՝ առանձնապես ծախսեր էլ չեն պահանջվում։
Չախոյանը նշեց, որ այս միջադեպից հետո ֆինանսական մեծ բեռ է առաջացել փաստաբանի և մյուս հարցերի համար։ Մտադիր է դրամահավաք իրականացնել, որ ծախսերը հոգա։
«Ես ոչ մի առևտրի կամ գործարքի չեմ գնալու, մինչև վերջ եմ գնալու»,-ասաց նա։