«Հրապարակ»- թերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նախօրեին հայտարարել է, որ նոր սահմանադրության տեքստը մշակման փուլում է ու պատրաստ կլինի 10 ամսվա ընթացքում:
«Չենք քննարկել ժամանակահատվածը, թե երբ է դրվելու դա հանրաքվեի, երբ տեքստը պատրաստ լինի, մենք հայեցակարգային առանձին դրույթներ, իհարկե, հանրության դատին կհանձնենք եւ շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը»,- հայտարարել է նա՝ ժամկետներ չնշելով: Բայց 10 ամսվա ընթացքում պատրաստի տեքստ ունենալու հայտարարությունն արդեն իսկ վկայում է, որ Փաշինյանը մտադիր է փորձել՝ 2026թ․ սպասվող խորհրդարանական ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն համատեղել, ու այստեղ պարզ քաղաքական հաշվարկ կա:
Ադրբեջանի պահանջով Հայաստանի սահմանադրությունը փոխելով՝ Փաշինյանը փորձում է ազատվել Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղումից, որտեղ ամրագրված են Հայաստանի հետ Արցախի վերամիավորման համազգային նպատակը եւ ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը: Ադրբեջանը սա նախապայման է համարում Հայաստանի հետ հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման գործընթացում: Պաշտոնական Բաքուն բազմիցս է նշել, թե Հայաստանի սահմանադրությունում եւ օրենսդրական ակտերում «տարածքային պահանջներ» կան, ինչից Հայաստանը պետք է հրաժարվի՝ փոխելով Սահմանադրությունը: Թե ինչ ուղենիշներով է գրվելու ալիեւափաշինյանական սահմանադրությունը, Նիկոլ Փաշինյանի՝ «Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծ» անունով թեզերից կարող ենք ենթադրել:
14 կետանոց իր թեզերը նա հրապարակել էր փետրվարի 19-ին եւ քաղաքացիներին առաջարկել դիտողություններ ու առաջարկություններ ուղարկել: Դրանցում նա ներկայացրել էր իր աղճատված պատկերացումները պետության մասին ու հայտարարել, թե նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»: Այնուհետեւ՝ «Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի» քննարկմանը նա փաստացի էլ ավելի բացեց իր պատկերացրած նոր սահմանադրության նպատակները՝ հայտարարելով. «Նոր սահմանադրության տեքստը պետք է ունենա տարածաշրջանային նշանակություն»:
Դեռ 2020թ․ փետրվարի12-ին Փաշինյանը հաստատել էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը, որը պետք է մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 1-ը մշակեր ու վարչապետի աշխատակազմ ներկայացներ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Հանձնաժողովը, սակայն, կարճ կյանք ունեցավ, դրա գործունեությունը մեկ տարի անց կասեցվեց, փոխարենը 2022-ին իշխանությունը յուրային կամակատարներից ու սորոսականի համբավ ունեցող քաղհասարակության ներկայացուցիչներից ձեւավորեց սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որը մշակում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ։ Անցած տարեսկզբին նրանց գրած հայեցակարգի նախնական տարբերակն անգամ կառավարություն էր ուղարկվել, բայց արդեն մայիսին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սահմանադրության փոփոխությունների փոխարեն նոր սահմանադրություն մշակելու խնդիր դրվեց, որն իրականացնում է արդարադատության նախարարությունը՝ փաստացի, առանց հայեցակարգ մշակելու: Ըստ Գալյանի, 10 ամսվա ընթացքում լինելու է նոր սահմանադրության տեքստ, որը մշակվում է «ներքին ռեսուրսի հաշվին», ու ժողովուրդը բավարար ժամանակ է ունենալու՝ կարծիք հայտնելու համար:
Ըստ էության, այս փակ գործընթացը, որը նախարարությանն է հանձնարարվել, խոսում է իշխանության ցայտնոտի ու շտապողականության մասին: Նոր սահմանադրության տեքստի նախապատրաստման համար իշխանությունը նախկինում 2027 թվականն էր որպես ժամկետ նշում, բայց, հաշվի առնելով Բաքվի ճնշումները, ստացվում է՝ արագացրել են, ու այժմ խոսք է գնում մինչեւ 2026-ի գարուն պատրաստի տեքստ ունենալու մասին, եւ սա պատահական չէ:
Իշխանությունը հասկանում է, որ չի կարող սահմանադրական հանրաքվեն հեշտ ու հանգիստ անցկացնել ու դրական արդյունք ապահովել: «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն, ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը շուրջ 2,6 մլն էր: Այս հաշվարկով կստացվի, որ ալիեւափաշինյանական սահմանադրությանը պետք է «կողմ» քվեարկի 650 000 + 1 քաղաքացի, հակառակ դեպքում հանրաքվեն կտապալվի: Սա է պատճառը, որ իշխանությունը, ըստ ամենայնի, մտադիր է այն զուգահեռել 2026-ի ԱԺ ընտրությունների հետ, այն հաշվարկով, որ մարդիկ կգնան ընտրության, ու այդպես ավելի հեշտլուծելի կդառնա խնդիրը:
Բայց Փաշինյանն այստեղ էլ խնդիր ունի․ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով՝ ԱԺ ընտրությունների օրը հանրաքվե չի կարող անցկացվել: Այս խոչընդոտը, իհարկե, ՔՊ-ական խորհրդարանական մեծամասնության համար, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է՝ մեկ հրահանգով ցանկացած պահի կարող են օրենքը փոխել: Փաշինյանին մնում է «կիրթ ու կառուցողական» գործընկերոջից մի թուղթ կորզել, թե խաղաղություն է լինելու, եթե «կողմ» քվեարկեք իմ առաջարկած սահմանադրությանը: