Դեսպանի խոսքով, կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կամ արդեն իրականացված են, կամ գտնվում են իրականացման վերջնական փուլում․ «Քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրեր»,-ասել է նա։
«Որոշ առանձին պայմանագրերի մասով իսկապես կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանության պետական պատվերը կատարելու պարտավորությունների հետ, բայց դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության արդյունքում»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Որոշ տվյալներով` խոսքը 400 միլիոն դոլարի մասին է։
Վերջերս էլ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։