5 Մայիսի, 2023

ՔՊ-ամերձ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ վարչության ընտրություններից հետո Փաշինյանը գրեթե բոլորի հետ «թարսվել» է: Նա իր թիմակիցների գերակշիռ մասի հետ խզել է հարաբերությունները, ոչ ոքի չի վստահում ու շարունակում է իրեն հեղինակազրկող թշնամիներ բացահայտել: Տեղեկացանք նաև, որ դիջեյ Էդոն՝ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ԱԺ արտաքին գործերի հանձնաժողովի պաշտոնից հրաժարական է տվել Փաշինյանի սև ցուցակում հայտնվելուց հետո: Հիմա նա ելույթներ չի ունենում, տեսակետներ չի հայտնում և աշխատում է մնալ ստվերում:

Նախկինում Առողջապահության նախարարի, ապա Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Արսեն Թորոսյանը ևս զգուշանում է: Այն բանից հետո, երբ նա ՔՊ վարչությունում բացահայտեց կեղծ իրավիճակը, լուռ է, խուսափում է սեփական դիրքորոշումը որևէ հարցի շուրջ արտահայտելուց: Պատճառը՝ որ կարող են իր դեմ քրգործ հարուցել. գործը բաց է, և ամեն պահ կարող են իրեն էլ որպես մեղադրյալ ընդգրկել այդ գործում:

Տևական ժամանակ լարված էին հարաբերությունները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ. վերջինս ևս հայտնվել էր ոչ բարենպաստ պայմաններում: Սակայն, կարելի է ասել՝ բախտի բերմամբ առիթ ընձեռվեց ամրապնդել դիրքերը այն պահից, երբ անվտանգության աշխատակիցների օգնությամբ կարողացավ հետ գրավել ԱԺ ամբիոնը քաղաքական ակցիա իրականացնող ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանից: Նրան հնարավորություն ընձեռվեց պոպուլիստական ելույթով և «քաջարի» պահվածքով ցույց տալ իր նվիրվածությունը Փաշինյանի իշխանությանը՝ արժանանալով շեֆի բարեհաճ վերաբերմունքին:

Շրջանառվող լուրերի համաձայն ՝վարչապետի աչքն ու ականջը դարձել է Ռոմանոս Պետրոսյանը, ով Պետական վերահսկողական ծառայության ղեկավարն է։Մշտապես թիրախավորելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին,ինչ որ անձնական հարցեր է ցանկանում լուծել։ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը առիթը բաց չի թողնում ներկայիս ՆԳՆ նախարարի մասին անհիմն լուրեր տարածի,ոչ մեկի համար գաղտնիք չէր,որ  ամեն ինչ անում էր,որպեսզի հայտնվեր ՆԳՆ նախարարի պաշտոնին,բայց վերջին պահին Նիկոլ Փաշինյանը կանգ առավ թերևս ավելի վստահելի անձի՝ ներկայիս ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխին ևս սև ամպերեն կուտակվել, պաշտոնանկության մասին լուրերն էլ, որոնք մեր աղբյուրի փոխանցմամբ՝ անհիմն չեն, նրան ևս հեռու են պահում հրապարակային խոսքի դրսևորումներից: Նա հնարավորինս քիչ է երևում հանրության ու Փաշինյանի աչքին: Թիմակիցներից մեկուսացածների ցանկում է նաև ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը: Լուրերը, որ վերջինս իր ազգականներին, ծանոթ-բարեկամներին է «տեղավորում» նախարարությունում, հասել են Փաշինյանի ականջին, և Սանոսյանը ևս փորձում է շատ աչքի չընկնել: Զգուշացողները շատ են, քանի որ Փաշինյանը «դոսյե է հավաքում» ոչ միայն ընդդիմադիրների, այլև սեփական կուսակիցների դեմ։

Քրիստինե Ավագյան

kotayk

Լրահոս