16 Օգոստոսի, 2023

Նիկոլ Փաշինյանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն էր տարածել, որ Վերին Շորժայի հատվածում օգոստոսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը կրակ է բացել Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների ուղղությամբ: Ինչպես նշվել էր՝ նրանք հայտնվել էին ադրբեջանական կողմի կրակոցների թիրախում:

Այդ տեղեկության տարածումից քիչ անց Եվրամիության դիտորդական առաքելությունը բավականիտն տպավորիչ ձևով՝ ՀՀ ՊՆ շենքը որպես խորապատկեր վերցրած, վրան մեծ-մեծ «ֆալշ» գրած նկարով հերքմամբ հանդես եկավ, ըստ որի՝ իրենց վրա ոչ մեկը չի կրակել: ԵՄ դիտորդական առաքելությունը վստահեցնում էր, որ իրենց ոչ մի դիտորդ ադրբեջանական կողմի կրակոցների թիրախում չի հայտնվել:

Պարզվեց, որ դա ամենը չէ:

Այս անգամ ոչ թե ՊՆ-ն, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այսպես ասենք՝ «մոտ կանգնած» տելեգրամյան ալիքներից մեկով տեսանյութ տարածվեց, որտեղ պատկերված էր ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը, ում դեմքը փակված էր: Եվ նա պատմում էր, որ իրենց խումբը հայտնվել է ադրբեջանական կրակոցների տակ:

Արդեն այս մի տեղեկության տարածվելուց կարճ ժամանակ չանցած՝ ԵՄ դիտորդական առաքելությունը իր թվիթերյան էջից ջնջեց նախորդ՝ «ֆալշ» գրությամբ «հերքումը» և տարածեց մի նոր տեքստ, ըստ որի, իրենց դիտորդները պարզապես կրակոցների ականատեսն են եղել: Ո՞ւմ կրակոցների, ո՞ր կողմից արձակված:

Գրել են միայն. «Հաստատում ենք, որ ԵՄ դիտորդական առաքելության պարեկները ներկա են գտնվել իրենց պատասխանատվության գոտում կրակոցների միջադեպին: Առաքելության ոչ մի անդամ չի տուժել»:

Հակոբ Պարոնյանը կասեր՝ ահավասիկ երկու հերքում, որ հերքում մը չարժեն: Չնայած այստեղ երևի ավելի շուտ թումանյանական տարբերակով կարելի է մեկնաբանել՝ «սուտլիկ դիտորդները»: Օրինակ, այսպես. «Եվրոպայից երեք դիտորդ եկան, մեկը՝ քոռ, էն երկուսն էլ իսկի բան չեն տեսնում…» կամ նման մի բան:

Այն, որ Եվրամիությունից Հայաստան դիտորդներ կանչելը կամ «էստի համեցեք» անելը բացառապես արտաքին-քաղաքական ավանտյուրա է, որը ավելի շատ բացասական հետևանքներ է ունենալու, պարզ էր ի սկզբանե: Բայց Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած «իշխանությունն» այդ արկածախնդրությանն էլ գնացին, դեռ մի բան էլ՝ իրենց քարոզչամեքենան բանն այնպես էր ներկայացնում, թե վերջ, հիմա եվրոպական դիտորդները կգան, հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով կկանգնեն ու Ադրբեջանն այլևս ոչ մի կրակոց չի արձակի, ու վրա կհասնի «խաղաղության դարաշրջանը»:

Պարզ էր, իհարկե, որ սուտ է և փչոց: Բայց ոմանք շատ են ուզում հավատալ դուրեկան ստերին կամ ձևանալ, թե հավատում են: Ինչևէ:

Եվրադիտորդներն ի սկզբանե ապացուցեցին իրենց ներկայության ավելորդությունն ու անիմաստությունը: Ավելի ճիշտ՝ նրանց Հայաստան գալու հիմնական նպատակը այն էր, որ էլ ավելի փչանան Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները: Սի բան, ինչը պետք էր Նիկոլ Փաշինյանին ու նրա արևմտյան «տերերին», կուզեք՝ հովանավորներին:

Ի լրումն, ԵՄ դիտորդները, ինչի մասին ի դեպ, բացեիբաց հայտարարվեց, Հայաստան էին եկել ամենևին էլ ոչ ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողություններն արձանագրելու և իրենց վերադասին՝ Բրյուսել հաղորդելու համար: Նրանք եկել էին Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեությանն ու շարժին հետևելու նպատակով: Այսպես ասած՝ Նիկոլ Փաշինյանի կողմից լիցենզավորված «շպյոնություն անելու»:

Մինչ այժմ չի տպավորվել որևէ դեպք, որ եվրադիտորդները որևէ կերպ արդարացրած լինեն իրենց ներկայության անհրաժեշտությունը:

Ավելին, պարզվեց, որ եվրադիտորդները՝ Բրյուսելի միջոցով, ադրբեջանական կողմին են փոխանցում նաև սահմանագոտով իրենց ու Հայաստանի զինված ուժերի շարժերի մասին որոշակի տեղեկատվություն:

Ու հիմա պարզվում է՝ նրանց վրա կրակել են, իսկ իրենք հրապարակավ ստում են, թե չէ, չեն կրակել: Ու միայն այն բանից հետո, երբ պարզվում է, որ սուտը բռնվել է, կիսատ-պռատ ընդունում են, թե կրակոցներ եղել են: Այսինքն, այս ԵՄ դիտորդներն իրենց դրսևորում են որպես իսկակակն նիկոլականներ, Նիկոլ Փաշինյանի հետևորդներ, այն առումով, որ անթաքույց ստում են: Պարզապես այս անգամ սուտ բռնողը ստախոս Նիկոլի իշխանությունն էր:

Կարելի է ենթադրել, որ ԵՄ դիտորդներն արդեն իրենց սև գործն արել են ու կարող են հեռանալ և այս՝ «կրակել են… չէ՛, չեն կրակել… չէ՛, կրակել են… կրակել են բայց չեն կպել» պատմությունը հրահրվել էր այդ հեռանալու պահն արագացնելու համար:

Ամեն դեպքում, պատկերացնո՞ւմ եք, թե դրանք ինչեր են «զեկուցում» Եվրամիությանը, եթե այդ կարգի ստախոսներ են:

Արթուր Խայթ

7or.am

 

 

 

 

kotayk

Լրահոս