ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ինքը կասկած չունի, թե ով է կանգնած ՃՌԴՊ զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովի սպանության հետևում։ Այս մասին գրում է vesti.ru-ն։
Երեքշաբթի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է ՃՌԴՊ զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել Կիրիլովի տան մոտ կայանված սկուտերում։
«Մեր հետաքննությունը, անշուշտ, կպարզի բոլոր մանրամասները, ես չեմ կասկածում, թե ով է եղել կատարողը, ով է եղել պատվիրատուն», – ասել է Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում։
Սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության, սպանության, զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Իրավապահների տվյալներով՝ պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է մոտ 300 գրամ տրոտիլ։ Դեպքի վայրի մոտ այլ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։
Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտարարել է, որ ահաբեկչության հետևում կանգնած են ուկրաինական հետախուզական ծառայությունները, իսկ The New York Times-ը գրել է, որ ուկրաինական հետախուզական ծառայությունները Կիրիլովին անվանել են իրենց «լեգիտիմ թիրախը»: