8 Նոյեմբերի, 2024

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թ․ առաջին ինը ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտված, ինչպես նաև ընթացիկ քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների և քննության ընթացքում վնասների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները։

«Ըստ այդմ՝ ստորաբաժանումների կողմից 2024 թ. 9 ամիսների ընթացքում միայն նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պարզված՝ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 39.210.300.000 ՀՀ դրամ, որից 25.670.615.000 ՀՀ դրամը՝ պետությանը պատճառված վնասն է։

Իրականացված աշխատանքների արդյունքում վերականգնվել է ընդհանուր 9.722.138.000 ՀՀ դրամի վնաս: Ընդ որում՝ նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնված վնասի նշված ցուցանիշը 2023 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2․366․046․000 ՀՀ դրամով կամ 34․5%-ով։

Մասնավորապես, նախաքննության փուլում վերականգնվել է՝

  • պետությանը պատճառված վնասից՝ 9.206.315.000 ՀՀ դրամը.
  • համայնքին պատճառված վնասից՝ 31.422.000 ՀՀ դրամը.
  • իրավաբանական անձանց պատճառված վնասից 236.035.000 ՀՀ դրամը.
  • ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 248.366.000 ՀՀ դրամը։

Բացի այդ,  2024 թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ անավարտ վարույթներով ընթացիկ տարվա առաջին ինը ամիսներին վերականգնվել է ևս 24.725.582.000 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասից՝ 24.515.239.000 ՀՀ դրամ, իսկ համայնքին պատճառված վնասից՝ 25.796.000 ՀՀ դրամ:

Այսինքն՝ 2024 թ. առաջին 9 ամիսներին ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում ավարտված և անավարտ վարույթներով հայտնաբերված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 34.447.720.000 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 33.721.554.000 ՀՀ դրամ:

Վերականգնման հիմնական մասը ապահովվել է հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթների շրջանակներում:

Ընդհանուր առմամբ, փաստացի 2024 թ․ առաջին 9 ամիսներին ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննված և քննվող քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը, համայնքներին, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատճառված գրեթե նույնքան վնաս, որքան ամբողջ 2023 թ․ ընթացքում (34 մլրդ 756 մլն ՀՀ դրամ)»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Լրահոս