13 Օգոստոսի, 2024
Այսօր օգոստոսի 13-ին, հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի սեփական տանը կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պարտականությունները կատարող Վ. Կիրակոսյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Մուրադյանը։

Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Մարգարյանն ու նույն վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ Հովհաննիսյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Այվազյանը։

Իրավապահները նշված տանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 36-ամյա Աստղիկ Խ.-ի դին գլխի մասում հրազենային վնասվածքով։

Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։

Ըստ նախնական տեղեկությունների կինը նշված զենքով ինքնասպան է եղել։

Գ. Շամշյանի տեղեկություններով նրան մահացած հայտնաբերել է ամուսինը։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, հետքաբանական։

Քննիչի կողմից «Մակարով» տեսակի ատրճանակն առգրավվել է։

Լրահոս