11 Հոկտեմբերի, 2024

Ինչպես հայտնի է, «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել էր պացիենտի սրտի կանգ:

Կլինիկայի հիմնադիր տնօրեն Արթուր Սարգսյանը սոցցանցի էջում ցավակցություն է հայտնել և պարզաբանում ներկայացրել տեղի ունեցածի վերաբերյալ:

«Շատ եմ ցավում, որ երեկ մահացել է վիրահատության համար ինձ դիմած բուժառուն։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին։

Բուժառուի մահն ինձ համար կրկնակի ծանր է, քանի որ նրա հարազատը շուրջ մեկ տարի առաջ ինձ մոտ վիրահատվել էր, ինչից հետո մեր միջև ձևավորվել էին ջերմ հարաբերություններ։

Խոսելը ծանր է, բայց մյուս կողմից՝ հանրությունն ակնկալում է պարզաբանում։

Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից։ Բժշկական գաղտնիքի թույլատրելիության սահմաններում այս պահին կարող եմ տեղեկացնել, որ բուժառուի նախավիրահատական հետազոտություններն անցկացվել են պահանջվող ծավալով, որևէ խնդիր չի ունեցել, վիրահատության հակացուցում չի եղել:

Մեր բժշկական թիմը մասնագիտական պարտականություններն իրականացրել է լիարժեք և ջանասիրաբար։

Խորապես ցավում եմ և կիսում հարազատների վիշտը»,- ասված է գրառման մեջ:

Լրահոս