5 Փետրվարի, 2025
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին, սակայն դեռևս չշահագործվող հատվածում ճակատ ճակատի բախվել են «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել են «Աստղիկ» բժկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արմեն Հովհաննիսյանի և ավագ քննիչ Նարեկ Սիմոնյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս