11 Օգոստոսի, 2024

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանn օլիմպիական արծաթե մեդալը շատ սպասված է համարում:

«Թեժ պայքար էր ծավալվել: Մենք պատրաստ էինք այս պայքարին, թե ես, թե Գոռը: Պատրաստ էինք հաղթելու: Բայց ինչ-ինչ պատճառներով վերջին մոտեցումը չստացվեց: Չեմ կարող բացատրել, թե ինչ կատարվեց հրում վարժության վերջին մոտեցմանը: Երևի այդ մեդալը իմ չէր այս պահին»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Լալայանը:

Օխ արծաթե մեդալակիրը հպարտություն է համարում մրցելու այնպիսի մեծանուն ծանրորդի հետ, ինչպիսին Լաշա Տալախաձեն է:

«Ինձ համար պատիվ է, որ նրա հետ հավասարը հավասարին մրցակցում եմ: Եվ մի կողմից նույնիսկ ուզում եմ հաղթել իրեն: Այս մեդալին ես շատ եմ սպասել: Բայց երբեք չեմ մտածել մեդալի գույնի մասին: Միայն շնորհակալ եմ իմ Աստծուն, այս մեդալի համար»,-ասաց ծանրորդը:

Լալայանն առանձնացրեց, որ թեպետ Փարիզ-2024-ն իր առաջին Օլիմպիական խաղերն են և ինքն այստեղ նվաճել է արծաթե մեդալ, սակայն սա սկիզբն է հաջորդ Օլիմպիական խաղերի համար:

Փարիզի «Հյուսիսային Արենա»-ում ընթացող ծանրամարտի մրցաշարը եզրափակվեց գերծանրմարզիկների պայքարով:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում հաջորդաբար պոկեց 210 կգ, 215 կգ, սակայն չբարձրացրեց 218 կգ: Հրում վարժությունում Լալայանը հաջող մոտեցմամբ բարձրացրեց 247 կգ, 252 կգ, բայց չկարողացավ բարձրացնել 256 կգ: Երկամարտի 467 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր է:

Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 210 կգ, 216 կգ, սակայն չֆիքսեց 220 կգ: Հրում վարժությունում Մինասյանը բարձրացրեց 245 կգ, սակայն երկու մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 255 կգ: Երկամարտի 461 կգ արդյունքով Մինասյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Այս քաշում Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումն արդեն երրորդ անգամ նվաճեց Վրաստանից Լաշա Տալախաձեն: Վերջինս երկամարտում գրանցեց 470 կգ արդյունք:

Լրահոս