12 Օգոստոսի, 2024

Երիտասարդության միջազգային օր (անգլ. International Youth Day), երիտասարդությանն առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը միտված միջազգային օր։ ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնն առաջին անգամ նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին։

Նախապատմություն

1995 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, հաշվի առնելով հասարակության մեջ երիտասարդության կարևորագույն դերը, ընդունել է ոլորտային հիմնարար մի փաստաթուղթ (A/RES/50/81) Երիտասարդությանն առնչվող գործողությունների համաշխարհային ծրագիրը (ԵԳՀԾ (WPAY))[5]։

1998 թվականին Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովը նույնպես, կարևորելով երիտասարդության դերը, իր Երիտասարդական քաղաքականության ու ծրագրերի մասին հռչակագրում (WCMRY/1998/28)[6] առաջարկել է օգոստոսի 12-ը հռչակել երիտասարդության միջազգային օր։

Հռչակում

Իր աջակցությունը հայտնելով Լիսաբոնյան հռչակագրի առաջարկին և հիմք ընդունելով իր նախորդ որոշումները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1999 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացրել (A/RES/54/120, կետ 7-րդ)[7] օգոստոսի 12-ը հռչակել Երիտասարդության միջազգային օր։

Նպատակ

Երիտասարդության միջազգային օրվա նպատակն է հիշեցնել աշխարհի զարգացման և կառուցման գործում երիտասարդների դերի, ինչպես նաև նրանց առջև կանգնած ամենօրյա խնդիրների մասին[8]։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է Օրվա նշանավորման և Գործողությունների ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով բոլոր մակարդակներում կազմակերպել տեղեկատվական-քարոզչական միջոցառումներ (հատկապես երիտասարդների շրջանում)։
Ենթադրվում է, որ ամբողջ աշխարհում կառավարությունների, կազմակերպությունների համար երիտասարդության հիմնախնդիրների վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություն է ստեղծվում։

Անցկացման ձև

Ավանդաբար տոնի նախօրեին ուղերձով հանդես է գալիս ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։

Տարբեր երկրներում շնորհավորական ուղերձներով հանդես են գալիս նաև կենտրոնական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, տարաբնույթ միջազգային և ազգային կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչները։ Տեղի են ունենում ոլորտի պատասխանատուների, երիտասարդական կազմակերպությունների հանդիպումներ, քննարկումներ, երիտասարդական ու մշակութային միջոցառումներ։

Լրահոս