1 Հուլիսի, 2024

«Փաստինֆո»-ի տեղեկություններով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դիմել է ՍԴ Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցով։

Օրենսդրական կարգավորման հարցի սահմանադրականության խնդիրը բարձրացրել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանության կողմը։ Խնդիրն այն է, որ գործող Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ, եթե դատարանում գտնվող քրեական գործով մինչև 2022թ հուլիսի 1-ը որոշում է կայացվել դատաքննություն նշանակելու մասին, ապա այդ գործը քննվում և լուծվում է նախկին Քր․դատ․ օրենսգրքի կարգավորումներով, այդ թվում խափանման միջոցի հարցի առնչությամբ։ Այսինքն օրենսդրական կարգավորման պատճառով մինչև 2022թ հուլիսի 1-ը դատարան մուտքագրված գործերով մեղադրյալները զրկվում են նոր օրենսգրքով սահմանված այլընտրանքային խափանման միջոցների կիրառումից, օրինակ կալանքը տնային կալանքով կամ վարչական հսկողությամբ փոխարինելու հնարավորությունից։ Այս հարցը, ի թիվս այլնի, բարձրացվել է Դավիթ Տոնոյանի գործով թե՛ առաջին ատյանի դատարանում, թե՛ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։ Ի վերջո, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պաշտպանների բողոքի հիման վրա դիմել է ՍԴ։ Բարձր դատարանի կայքում առ այս պահն առկա չէ տեղեկություն նշված դիմումի ընդունելիության, քննության հնարավոր նշանակման մասին։

Նշված որոշման առնչությամբ պաշտոնական մեկնաբանության համար «Փաստինֆո»-ն դիմել է նաև ԲԴԽ մամուլի ծառայությանը։ Կառույցից, սակայն, ոչ հերքել, ոչ էլ հաստատել են տեղեկությունը փոխանցելով դատարանի պարզաբանումն առ այն, թե գործն առաջին ատյանի դատարանում քննվում է դռնփակության ռեժիմով, ուստի Վերաքննիչ դատարանում ևս քննվում է դռնփակության շրջանակներում, հետևաբար, ելքերի և այլ հարցերի վերաբերյալ տեղեկությունը համարվում է գաղտնի, չեն կարող հայտնել։

Լրահոս