26 Հունիսի, 2024

Սույն թվականի հունիսի 19-ին տեղի է ունեցել «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի 1-ին նիստը, որը նախագահել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։ Նիստին ներկա են գտնվել Հայաստանում գործող 37 բժշկական կազմակերպությանների ղեկավարներ։

Ըստ օրակարգի քննարկվել է ՀԿ-ի տնօրենների խորհրդի ընտրության, նախագահության ընտրության, քարտուղարության ձևավորման հարցը։ Ինչպես նաև նախնական քննարկում է տեղի ունեցել ընթացիկ առաջնահերթ նախագծերի վերաբերյալ։

Նիստում քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ ՀԿ-ի յուրաքանչյուր որոշում կընդունվի 37 անդամների կողմից քվեարկության միջոցով։

Որոշվել է, որ ՀԲՀՄ ՀԿ-ի նախագահությունը կազմված է լինելու 5 անդամից, որոնք ներկայացնելու են 2 պետական բժշկական հաստատություններ, 2 մասնավոր բժշկական հաստատություններ և 1 համալսարանական բժշկական հաստատություն։

ՀԿ-ում նախագահությունն իրականացվելու է հերթականությամբ`ռոտացիայի սկզբունքով։
Որպես առաջին ղեկավար մարմնի կազմ առաջադրվել է պետական բժշկական հաստատություններից «Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, մասնավոր բժշկական հաստատություններից «Էրեբունի» ԲԿ-ն, «Աստղիկ» ԲԿ-ն և ԵՊԲՀ-ն։

Հասարակական կազմակերպության նպատակն է համատեղ ջանքերով իրականացնել ՀՀ ԲԿ-ների ընդհանուր շահերի պաշտպանություն, ինչպես նաև նպաստել ոլորտի բարեփոխումների առավել արդյունավետ կազմակերպմանը։

«Ինչքան շատ կապ ապահովվի նախարարության և բժշկական կազմակերպությունների միջև, այնքան առողջապահական գերատեսչությունն ավելի ճիշտ որոշումներ կընդունի, դրանք կվերածի գործողության, և ավելի լավ արդյունք կստանանք»-նշել է Արա Բաբլոյանը։

Եվ այսպես, «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն»-ը սկսում է իր աշխատանքները, լիահույս լինելով կարճ ժամանակահատվածում, համախմբված աշխատանքի շնորհիվ հասնել իր առջև դրված նպատակներին։

Լրահոս