25 Մարտի, 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Դռնբացեքի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում:

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Հայ եկեղեցու ամենախորհրդավոր արարողություններից մեկը՝ դռնբացեքը:

Ծաղկազարդը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Այն նաև խորհրդանշում է մեր Տիրոջ մուտքը Վերին Երուսաղեմ: Այս իմաստով Քրիստոսի մուտքը Երուսաղեմ կոչվում է նաև Գալուստ: Այդ պատճառով էլ Ծաղկազարդի երեկոյան կատարվում է դռնբացեքի արարողությունը, որը Քրիստոսի Գալստյան օրինակն է ցույց տալիս:

Դռնբացեքի արարողության միջոցով վերապրում ենք աշխարհի վախճանին սպասվող այն իրադարձությունը, երբ պետք է բացվեն Աստծո Արքայության դռներն, ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ: Դռնբացեքի արարողությունը կատարվում է երկխոսության ձևով՝ փակ խորանի առջև ծնկած և վարագույրից այն կողմ գտնվող հոգևորականների միջև: Հայ եկեղեցում հարց-պատասխանի այս ձևը կիրառվում է միայն դռնբացեքի արարողության ընթացքում: Վարագուրված խորանը խորհրդանշում է Երկնային Արքայությունը:

Ժամանակին դռնբացեքի արարողությունը կատարվում էր եկեղեցու դռան առջև: Դուռը փակվում էր և փակ դռան առաջ սկսվում էր արարողությունը: Այնուհետև բացվում էր դուռը և հավատացյալները ներս էին մտնում: Այժմ միայն եկեղեցու խորանի վարագույրն է փակվում և այնտեղ էլ կատարվում է արարողությունը:

Վարագույրի հակառակ կողմից հոգևորականն Արքայության դուռը մտնելու պայմաններն է առաջադրում, իսկ ծնկած հոգևորականները խորհրդանշում են ժողովրդին, այն մարդկանց, ովքեր փորձում են արժանանալ Երկնքի Արքայությանը: Երբ հոգևորականները հարց ու պատասխանի միջոցով այլևս պարզում են, որ հավատացյալները պատրաստ են ժառանգելու Տիրոջ Արքայությունը, Աստված խորհրդանշորեն բացում է Երկնքի դռները ու ընդունում նրանց:

Արարողությունը կատարվում է հետևյալ ձևով.

Զգեստավորված քահանան սկսում է երգել.

-Բա՛ց մեզ Տեր, բա՛ց մեզ Տեր, բա՛ց մեզ Տեր, ողորմության դուռը, որի համար ողբալով աղաչում ենք Քեզ:

Այս ընթացքում խփում է փայտին, այնպես ինչպես դուռը ծեծելիս խփում են դռան ուռնակին:

Ներսից քահանաներից մեկը պատասխանում է.

– Ո՞վ են նրանք, որ բացեմ, քանի որ այս դուռը Տիրոջինն է, և միայն արդարներն իրավունք ունեն մտնելու:

Քահանան դրսից պատասխանում է.

-Ոչ միայն արդարները կարող են մտնել, այլ նաև ապաշխարությամբ և խոստովանությամբ արդարացած մեղավորները:

Ներսից ասում է.

– Սա է երկնքի դուռն ու տրտմության հովիտը, արդարների հանգիստը և մեղավորների քավարանը, նաև Քրիստոսի արքայությունը, հրեշտակների բնակարանը, սրբերի ժողովարանը, ապավինության տեղը և Աստծո տունը:

Քահանան դրսից`

– Սուրբ Եկեղեցու մասին ասածներդ ճիշտ են և արդար, որովհետև մեզ համար այն անարատ մայր է և նրանից ենք ծնվում որպես լույսի և ճշմարտության զավակներ: Այն մեզ համար կյանքի հույս է և նրանով ենք գտնում հոգու փրկությունը, այն մեզ համար արդարության ճանապարհ է, և նրանով ենք ելնում մեր երկնավոր Հոր՝ Քրիստոսի մոտ:

Այստեղ դպիրները երգում են «Իմաստուն կուսանք» շարականը, որը իմաստուն և հիմար կույսերի դեպքն է նկարագրում և եզրակացնում, որ պատրաստենք հոգևոր յուղը, վառված լապտերով մտնելու համար անմահ փեսայի առագաստը, և մեղքերի թողություն է խնդրվում Երկնքի Արքայությանը արժանի դառնալու համար:

Ավարտելով՝ քահանան դրսից սկսում է.

-Բա՛ց մեզ Տեր, բա՛ց մեզ Տեր, բա՛ց մեզ Տեր, ողորմության դուռը, որի համար ողբալով աղաչում ենք Քեզ և դարձյալ խփում է փայտին, ավելի խորհրդավոր դարձնելու համար արարողությունը:

Ներսից ասում է.

– Ահա տեսնում ենք մեր Տիրոջը՝ Քրիստոսին, որ բազմած է Սուրբ Սեղանի վրա և Իր մոտ է կանչում բոլոր Իր կամքը կատարողներին՝ ասելով «Ուր որ Ես եմ, այնտեղ էլ Իմ հետևորդը պիտի լինի»:

Քահանան դրսից ասում է.

– Մենք Աստվածորդու անապական Արյան գինն ենք, ցնծությամբ օրհնում ենք մեր Փրկչին՝ Քրիստոսին, և միաբերան ասում ենք. «Փառք սոսկալի գալստյանդ, Տե՛ր»:

Այնուհետև դպիրները երգում են «Թագավոր փառաց» շարականը, ուր ասվում է, որ արթնությամբ սպասում ենք փառաց թագավորին և ընդառաջում Նրան, որ դատելու համար պիտի գա: Իմաստուն կույսերի նման վառել ենք մեր հավատքի լապտերը, մտնելու համար երկնավոր փեսայի առագաստը: Շտապենք, որ հիմար կույսերի նման դրսում չմնանք:

Եվ ապա քահանան դրսից սկսում է.

-Բա՛ց մեզ Տեր, բա՛ց մեզ Տեր, բա՛ց մեզ Տեր, ողորմության դուռը, որի համար ողբալով աղաչում ենք Քեզ, ճիշտ նախորդի նման և դարձյալ խփում փայտին:

Ներսից՝

– Ահեղ Աստծո փողը մեծաձայն գոչում է՝ ասելով. «Ահա Փեսան գալիս է, եկե՛ք Նրան ընդառաջ»:

Եվ քահանան երկյուղածությամբ ասում է.

– Ահա ես և Աստծո ինձ տված զավակներս այստեղ ենք և ակնկալում ենք տեսնել Քրիստոսին և լսել Նրա երանավետ խոսքը:

Ներսից՝

– Արարիչ Աստուծո ձայնը գոչում է՝ ասելով. «Եկեք իմ Հոր օրհնյալներ, և ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթեոս 25:34):

Եվ ապա քահանան դրսից ասում է.

– Բացե՛ք ինձ արդարության դռները, որպեսզի նրանով մտնեմ և Տիրոջը խոստովանեմ:

Դուռը բացվում է և ժողովուրդը հոգևոր ուրախությամբ ներս է մտնում՝ երգելով «Զողորմութեան Քո զդուռն բաց մեզ Տէր» շարականը, խնդրելով, որ Տերը իրենց արժանի դարձնի երկնավոր օթևանին և վերջին դատաստանի ժամանակ խնայի Իր արարածներին, ճգնավորների միջնորդությամբ: Դուռը բացելը և օրհնությամբ եկեղեցի մտնելը ցույց է տալիս արդարների Արքայություն մտնելը Քրիստոսի հետ:

Նույն պահին բացվում է նաև եկեղեցու վարագույրը:

Այնուհետև ընթերցվում է Ավետարանը վերջին դատասատանի մասին, և արձակվում են:

Հավատացյալը, մասնակցելով դռնբացեքի խորհուրդին և ականատես լինելով քահանաների երկխոսությանը, առավել իրական է պատկերացնում Տիրոջ Երկրորդ Գալստյան օրը և առավել ևս է ձգտում ապաշխարությամբ ու խոնարհությամբ ապրել իր կյանքի մնացյալ օրերը:

 

kotayk

Լրահոս