8 Մայիսի, 2024

Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ երթ է մեկնարկել Գյումրիից դեպի Երևան՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և Բագրատ Սրբազանի։

Ի պատասխան լրագրողների հարցին, թե իշխանությունները նշում են, որ այս շարժումը ուղղորդված է՝ Սրբազանը համաձայնեց․ «Այո՛ ուղղորդված է, ուղղորդված է Աստծով»։

«Մենք չենք էլ ձեռնարկել, ուղղակի ժողովրդի պահանջին դեմ հանդիման ենք գնացել և այդ պատասխանատվությունը մեզ վրա վերցրել ենք»,-ասաց Սրբազանը։

Հարցին, թե համաձա՞յն է այն տեսակետին, որ եկեղեցին քաղաքականությամբ չպետք է զբաղվի՝ Արքեպիսկոպոս Աջապահյանը նշեց՝ իհարկե, ոչ․

«Ես երբեք էլ այդ տեսակետը չեմ կիսել և ակտիվ քաղաքական կարծիք հնչեցրել եմ բոլոր իշխանությունների ժամանակ։ Քաղաքական կյանքով չզբաղվելը վերաբերում է  նրան, որ եկեղեցին ձգտում չունի լինել պետական կառավարման ղեկին։ Նման ձգտում և ամբիցիա չունենք, մեր ծառայությունը բավարարում է, բայց անտարբերությունը մահացու մեղք է, և մենք չենք կարող լինել անտարբեր այն ամենին, ինչը վտանգում են մեր պետականությունը և մեր ժողովրդի անվտանգությունը։ Հետո մեզ պետք է չէ՞ մեղադրեն»,-ասաց նա։

kotayk

Լրահոս