13 Հուլիսի, 2026

Անկախ կրոնից, դավանանքից և հավատացյալ կամ ոչ լինելուց` մարդու բարձրագույն որակն է իր կյանքը նվիրել կամ զոհաբերել հանուն ավելի մեծ արժեքի, ինչպես հավատքն է, Հայրենիքն է, ընտանիքը, արդարությունը, ճշմարտությունը, ազատությունը և համընդհանուր բարիքը:

Այս պատճառով է ժողովուրդը սրբացրել, իսկ եկեղեցին` սրբադասել և հռչակել նահատակների հերոսությունն ու հոգևոր սխրանքը: Այն բացարձակ հոգևոր արժեք է, որը փոփոխության չի ենթարկվում ոչ կրոնական, որ սոցիալ-հոգեբանական, ոչ կենցաղային և ոչ էլ նույնիսկ քաղաքական ենթաշերտերում:

Իսկ ովքեր նահատակությունը կհամարեն «կառափնարան», «վասն ոչնչի» մեռելություն, կորուստ և դեռ ավելին, կուրանան կամ կժխտեն այն «լավ կյանքի» խաբեությամբ կամ «ուզում ենք պարզապես ապրել» անորոշ և կենցաղակեր հայտարարությամբ, նրանց գնահատականը լավագույնս տվել է առաքյալը. «Խաչի ճառը կորուսյալների համար հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար` Աստծու զորություն» (Ա Կորնթ. 1:18) և «Քավ լիցի ինձ այլ բանով պարծենալ, քան Տեր Հիսուս Քրիստոսի խաչը: Այդ խաչի միջոցով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ` աշխարհի» (Գաղ. 6:14):

Մեր այսօրվա «ուզում ենք պարզապես ապրել» անկենսագիր «պատմական» քարոզչին ոչ թե մենք, այլ Եղիշեն է պատասխանում դեռևս Ե դարից. «Եթե որևէ մեկը աշխարհական մեծությամբ առավել կարողություն ունենա, բայց մտքով աղքատագույն լինի, այնպիսին ողորմելի է, քան շատ-շատերը, ինչպես տեսնում ենք ոչ միայն սահմանափակ կարողությամբ մարդկանց մեջ, այլ որ բոլորից մեծն է… թագավորը (իմա` պետության ղեկավարը) ոչ միայն իր համար է պատասխանատու, այլ նրանց համար, ում կորստյան պատճառ եղավ» (Եղիշե, էջ 14-15):

Այսօրվա մեր դառն իրականության և նրա պատճառների մասին ավելի դիպուկ և ամբողջական, քան Եղիշեի այս դիտարկումն է, կարծում եմ` չի կարող լինել:

Չանտեսելով մյուս ազգերի և կրոնների վերաբերմունքը` ես կխոսեմ նահատակության և մարտիրոսության վերաբերյալ քրիստոնեական, ի մասնավորի` հայկական քրիստոնեության ընկալման մասին:

Նախ, ի սկզբանե, պետք է հաստատել, որ նահատակությունը ոչ թե մահ է, այլ` կյանք, ոչ թե կորուստ է, այլ` գտնել, ոչ թե գերեզման է, այլ` երկինք, ոչ թե ժամանակի մեջ ավարտված երևույթ կամ գործողություն է, այլ` անժամանցելի իրողություն: Եվ վերջապես, նահատակները չեն ծերանում և ազգի, ժողովրդի, պետության, Հայրենիքի, անձի վերածնունդը միշտ կապված է նրանց անվան և սխրանքի հետ. «… եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհ. 12:25):
Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան

Լրահոս