5 Հոկտեմբերի, 2023
Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի դրույթների խախտումներ է հայտնաբերել, «Sputnik Բլիժնեե Զարուբեժիե»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՌՀ ղեկավար Տիգրան Հակոբյանը։

Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել էր, թե անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը «վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը»։

Հակոբյանի խոսքով՝ դա պատգամավորի անձնական նախաձեռնությունը չէր, այստեղ խոսքը «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք համաշխարհային ցանց» ալիքների խախտումների մասին է:

«Բացի ռուսականից, այլ արտասահմանյան հեռարձակողներ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում չկան։ Դա քաղաքական որոշում էր՝ հնարավորություն տալ մեր դաշնակիցներին հեռարձակվել մեր տարածքում՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետաքրքրությունը և այն, որ մենք շատ ռուսախոս ունկնդիրներ ունենք։ Բայց դրանից օգտվելն ու նման կոնտենտ ներկայացնելը (խախտումներով), կարծում եմ, սխալ է։ Մենք բացարձակ ազատ երկիր ունենք, պարզապես կան ինչ-որ սահմաններ, որոնք չի կարելի խախտել», – նշել է նա։

Հակոբյանը նշել է, որ խոսքը միայն հանրային մուլտիպլեքսի (ոչ կաբելային հեռարձակման) մասին է, «որն ունի իր փիլիսոփայությունը, հեռարձակման հայեցակարգը, որոնք խախտելու իրավունք չունեն նույնիսկ տեղական կոմերցիոն ալիքները»:

Ինչ վերաբերում է հայկական մալուխային ցանցերին, ապա այստեղ ռուսական ալիքների և ամերիկյան ու եվրոպական հեռուստաընկերությունների ռուսալեզու ծրագրերի լիակատար գերակայություն է նկատվում,  «այնպես որ, ռուսալեզու ալիքների հեռուստադիտողների իրավունքների ոտնահարման մասին խոսք չկա»։

kotayk

Լրահոս