25 Հունվարի, 2023
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, փետրվարի 1-ից փակվում է: Որոշումն ու դրա մասին ծանուցումն առաջացրել է տոնավաճառի աշխատակիցների դժգոհությունը։

Տոնավաճառի սեփականատեր և տնօրեն Սամվել Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ հոկտեմբերին այցելել են, 17 խախտում են արձանագրել, որից 12-ը վերացված է. «Կան խախտումներ, որոնք վերացնել անհնար է, օրինակ, շինություններից 8 մետր հեռավորության վրա պետք է լինի: Այդ պայմանը սահմանող որոշումը կայացվել է 2015-ին, իսկ տոնավաճառը 1999-ից գործում է: Բոլորը խախտումները վերաբերում են հրդեհային անվտանգությանը: Մենք նոյեմբերին նամակ ենք ուղարկել, իրենք հանձնաժողով կազմեցին, ուղարկեցին, ստուգելուց հետո տվեցին արձանագրություն, որտեղ թվարկված են, թե որ խախտումներն ենք մենք վերացրել: Օրինակ, տարհանման ճանապարհներն ազատված են, ապահովված է մարդկանց անարգել տեղաշարժը: Հրդեհավտանգ հիմնատարներով տանիքների վրայով օդային էլեկտրահաղորդման գծեր անցկացված չեն, ինչը դրական է, արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում 200 մետր շառավղող նախատեսված է առնվազն մեկ հրդեհ հիդրանտ կամ նվազագույնը 50 խմ տարողությամբ հակահրդեհային ջրավազան: Հրշեջների մոտենալը խոչընդոտող ոչինչ չկա: Առևտրի կետերում մասնակի մոնտաժված է հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգով:

Մենք պայմանագիր ունենք ԱԻՆ-ի հետ, երբ ձայնային ազդանշանը տրվում է այստեղ, որ ծուխ է դուրս գալիս, ԱԻՆ-ը իմանում է եւ միանգամից գալիս են: Մենք փորձել ենք դա և աշխատում է: Ծխի դատչիկները ամբողջ տարածքում դրված է, միայն վարչական շենքում չի դրված:

Մենք փորձեր արել ենք, իմ աշխատողները բոլորը հակագազ ունեն, գիտենք, ով պետք է հանգցնի հրդեհը և ինչպես: Ունենք նաև կրակմարիչներ փրփուրներով և գազային: Մինչև հրշեջ մեքենան գալիս է, իրենք հասցնում են ամեն ինչ հանգցնել»,-ասաց նա:

Տնօրենի խոսքով, ծխի հեռացման ավտոմատ համակարգը գրեթե ոչ մի տեղ էլ չկա, միայն մոլերում կա. «Մասնագետներն ասացին, որ դրանք տեղադրելու համար 3 ամիս կպահանջվի, եթե տոնավաճառի աշխատանքը դադարեցվի, եթե ոչ, կարող ենք աստիճանաբար տեղադրել: Ես այդ աշխատանքը չեմ սկսել, որովհետև հանձնարարված է փակել: Ես խնդրել եմ, որ մինչև ամսի 1-ը մարդկանց ձեռք չտան, ամսի 1-ից կհայտարարեմ, որ տոնավաճառը փակվում է: Ամեն ինչ քյասիբի գլխին է գալիս, իրենք վճարունակ չեն այլ տեղերում կանգնելու: Նրանք օրական 2 հազար դրամ են վճարում»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս