9 Փետրվարի, 2025
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ թունավորել են Գորիս քաղաքի Սաթյան փողոցի տներից մեկի բակում գտնվող մեծ թվով մեղվաընտանիքներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին Սյունիքի մարզի բնակիչ 81-ամյա Մարտունիկ Ա․-ն հայտնել է, որ հունվարի 26-ի ժամը 14։00-ից մինչև հունվարի 29-ի ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում թույնելու միջոցով ոչնչացրել են իրեն պատկանող, որդու՝ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Սամվել Ա․-ի կողմից խնամվող, Գորիս քաղաքի Սաթյան փողոցի թիվ 18 հասցեի տան կից հողատարածքում տեղադրված 43 փեթակների մեջ գտնվող 53 մեղվաընտանիքները՝ պատճառելով նյութական վնաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով քաղաքացին հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չի դիմել քանի որ փորձել է ինքնուրույն գտնել կատարող անձին:

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Լրահոս