2024 թվականի մայիսի 30-ին Հանրապետության հրապարակում անցկացված բողոքի ակցիայի ընթացքում Վազգեն Սարգսյան փողոցի հատվածից ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել հավաքի մասնակից Մովսես Քարտաշյանի կողմից վարած և նրա օրինական տիրապետության տակ գտնվող «Մերսեդես-Բենց» մակնիշի 37MQ777 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը։
ՀՀ ոստիկանության կողմից վերը նշված տրանսպորտային միջոցը երկարատև՝ մեկ ամսից ավել ժամանակահատվածում, չվերադարձվելու պարագայում Մովսես Քարտաշյանը սույն թվականի հուլիսի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է մուտքագրել բողոք, որը Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի օգոստոսի 9-ի «Բողոքը քննարկման ընդունելու մասին որոշմամբ» ընդունվել է քննարկման։
Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի օգոստոսի 9-ի «Բողոքը քննարկման ընդունելու մասին» որոշման համաձայն՝ 2024 թվականի մայիս և հունիս ամիսներին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են մի շարք բողոքներ և ահազանգեր, այդ թվում՝ փաստաբանների կողմից, առ այն, որ ՀՀ տարածքում իրականացված բողոքների ակցիաների ընթացքում քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցները ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից տեղափոխվել են Ոստիկանության Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային վարչությունների հատուկ պահպանվող տարածքներ։ Նույն որոշման համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեից ստացվել են պարզաբանումներ, որ գրությամբ նշված տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ 37MQ777 հաշվառման համարանիշով ավտոմեքենան, հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում տարաբնույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով։
Իրականացված հարցումների արդյունքում պարզել ենք, որ նշված տրանսպորտային միջոցը պահվում է թիվ 15-0320-24 քրեական վարույթի շրջանակում, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում։ Ընդ որում, տրանսպորտային միջոցը պահվում է այն հիմնավորմամբ, որ դեռևս 2024 թվականի ապրիլի 7-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հանրապետության հրապարակին կից տարածքից գողացել են Ս. Գ.-ին պատկանող էլեկտրական հեծանիվը, իսկ 2024 թվականի մայիսի 31-ին օպերատիվ տվյալներ են ստացվել, թե իբր նշված հեծանիվը գողացել են «Մերսեդես-Բենց» մակնիշի 37MQ777 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցով:
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ քննարկվող տրանսպորտային միջոցը ենթարկվել է զննության, և զննության արդյունքում հանցագործության հետքեր չեն հայտնաբերվել, 2024 թվականի սեպտեմբերի 24-ին վարույթն իրականացնող քննիչին ենք ներկայացրել Մովսես Քարտաշյանի օրինական տիրապետության տակ գտնվող տրանսպորտային միջոցը վերադարձնելու վերաբերյալ միջնորդություն, որի լուծումը քննիչի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ հետաձգվել է։ 2024 թվականի հոկտեմբերի 4-ին քննիչի վերը նշված որոշման դեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն ենք ներկայացրել բողոք, որը հսկող դատախազի 2024 թվականի հոկտեմբերի 9-ի «Բողոքը քննության առնելու մասին» որոշմամբ բավարարվել է, և քննիչին հանձնարարվել է Մովսես Քարտաշյանին վերադարձնել «Մերսեդես-Բենց» մակնիշի 37MQ777 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը։ Հսկող դատախազի կողմից տրված հանձնարարությունը վարույթն իրականացնող քննիչի կողմից մինչ օրս չի կատարվել, և տրանսպորտային միջոցը չի վերադարձվել Մովսես Քարտաշյանին, ինչի արդյունքում շարունակվում է խախտվել վերջինիս գույքային իրավունքը։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ տվյալ դեպքում պետական իշխանության կողմից խախտվում է Մովսես Քարտաշյանի ոչ միայն գույքային, այլ նաև հավաքների ազատության իրավունքը՝ հետևյալ հիմնավորմամբ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռներում, անդրադառնալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով ամրագրված հավաքների ազատության իրավունքի սահմանափակմանը, պարբերաբար նշել է, որ «Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «սահմանափակում» եզրույթը պետք է մեկնաբանվի որպես միջոցառումներ, որոնք իրականացվում են թե՛ հավաքից առաջ և թե՛ դրա ընթացքում, ինչպիսիք են նախապես արգելելը, հանրահավաքը ցրելը կամ մասնակիցներին ձերբակալելը, ինչպես նաև որպես միջոցառումներ, որոնք իրականացվում են հետագայում, այդ թվում՝ հանրահավաքին մասնակցելու համար կիրառվող տույժերը»։ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ «միջամտությունը կարող է չլինել բացարձակ արգելքի ձևով՝ իրավաբանորեն կամ փաստացի, այլ կարող է լինել իշխանությունների կողմից ձեռնարկվող տարբեր միջոցառումների ձևով»։
Հաշվի առնելով վերոգրյալը, Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի օգոստոսի 9-ի «Բողոքը քննարկման ընդունելու մասին» որոշման մեջ նշված և վերը մեջբերված փաստական տվյալները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Մովսես Քարտաշյանի օրինական տիրապետության տակ գտնվող տրանսպորտային միջոցը շուրջ հինգ ամիս անհիմն և մտացածին պատրվակով չի վերադարձվել վերջինիս, գտնում ենք, որ իշխանությունների կողմից տրանսպորտային միջոցը չվերադարձնելը հավաքի մասնակից Մովսես Քարտաշյանի նկատմամբ հավաքին մասնակցելու համար փաստացի կիրառվող օրենքով չնախատեսված տույժ է, ինչի հետևանքով խախտվում է վերջինիս՝ հավաքների ազատության իրավունքը։ Հատկանշական է, որ տվյալ դեպքում վարույթն իրականացնող քննիչը, չունենալով համապատասխան լիազորություն, փաստացի չի կատարում հսկող դատախազի հանձնարարությունը, իսկ հսկող դատախազը, տեղյակ լինելով այդ մասին, հետևողական չէ իր հանձնարարության կատարման հարցում կամ ի վիճակի չէ ապահովել դրա կատարումը։
Հարկ է արձանագրել նաև, որ Մովսես Քարտաշյանի կողմից ներկայացված բողոքի քննարկման շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված գործընթացը ևս չի հանգեցրել ակնկալվող արդյունքի՝ անձի խախտված իրավունքների և ազատությունների վերականգման։
Սլավիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Մովսես Քարտաշյանի ներկայացուցիչ, փաստաբան