20 Դեկտեմբերի, 2024

Հաղորդվում է, որ Նիկոլ Փաշինյանի որոշումով պաշտոնանկ է արվել տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: Այս մասին գրելէ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը և ընդգծել․

«Սա ուշադրության արժանի որոշում է, քանի որ Վաչե Տերտերյանին ըստ էության հնարավոր է գնահատել որպես «Կամո Արեյան-2»: Այսինքն, Տերտերյանը տարածքային կառավարման նախարարության փոխնախարարի պաշտոնին է արդեն ավելի քան երկու տասնամյակ: Այդ ընթացքում նախարարությունը ենթարկվել է կառուցվածքային ու անվանական փոփոխությունների, փոխվել են շատ նախարարներ, այդ թվում քաղաքական շարժառիթներով, բայց Վաչե Տերտերյանն իր պաշտոնում եղել է «անձեռնմխելի»:

Իհարկե այս պարագայում նրա «անձեռնմխելիության» հիմքը թերեւս եղել է ոչ թե ինչ որ ազդեցիկ հովանի, այլ նրա մասնագիտական, պաշտոնեական պիտանելիության բարձր աստիճանը, տարածքային կառավարման ոլորտում նրա կոմպետենտությունը եւ իրերի դրությանն ու խնդիրներին տիրապետելու կարողությունը:

Ահա այս առումով էլ հատկանշական է, որ պաշտոնանկ է լինում այդ հետագծով փոխնախարարը: Նա ի՞նքն է կամեցել թողնել պաշտոնը, թե՞ դա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է»:

Ընդ որում, ուշադրության է արժանի, որ Տերտերյանը պաշտոնանկ է լինում փաստորեն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Գնել Սանոսյանի փոխարեն նշանակեց ՏԿԵՆ նոր նախարար՝ Դավիթ Խուդաթյան: Արդյո՞ք Տերտերյանի պաշտոնանկության «նախաձեռնությունը» գալիս է որ նախարարից, կամ Փաշինյանը փորձում է նախարարությունից հեռացնելով իրապես իր հետագծով կշիռ ունեցող Տերտերյանին, այսպես ասած ավելի անկաշկանդ միջավայր է ապահովում նորանշանակ նախարարի համար:

Լրահոս