12 Հոկտեմբերի, 2024

«Մենք Եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որպեսզի զարգացնենք ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով, դրանից հետո ԵՄ-ն և Հայաստանն աշխատում ու բացահայտում են նոր հնարավորություններ»,-  ՔՊ ժողովրդավարության դպրոցում «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ելույթի ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

Նա նշեց, որ համատեղ ջանքերը տալիս են արդյունքներ, որովհետև կա համատեղ քաղաքական հանձնառություն:  Դեսպանի խոսքով, ԵՄ-ն աջակցել ու շարունակելու է աջակցել ՀՀ-ին մի շարք ուղղություններում՝ տնտեսություն, դատաիրավական համակարգ, տարածաշրջանային կապեր, ինչի մի մասն է նաև խաղաղությունը։

Վասիլիս Մարագոսը հիշեցրեց, որ Եվրահանձնաժողովի գործող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ապրիլի 5-ին  ներկայացրել էր դիմակայունության և աճի ծրագիրը Նիկոլ Փաշինյանի  և պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպման ընթացքում։

«Սա միայն 270 միլիոնի դրամաշնորհային աջակցություն է Հայաստանին գալիք 4 տարվա ըթացքում:

Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում 600 միլիոնից ավելի ներդրումներ են կատարվել դրամաշնորհներով և վարկերով: Մենք նաև ձևավորել ենք ներդրումային հարթակ, մենք աշխատում ենք նաև միջուկային և ավիացիոն անվտանգության ոլորտներում:

Մենք նաև զբաղվում ենք Ղարաբաղի հայերի ճակատագրով: 100 միլիոն եվրոյից ավելի միջոցներ ենք ներդրել մեկ տարվա ընթացքում և մեր բյուջետային աջակցության շրջանակներով 30 միլիոն էլ է որոշվել ավելացնել կառավարության բյուջեում, որ կիսենք այն բեռը ձեզ հետ, որը դրված է կառավարության ուսերին և նպաստել բարեփոխումների իրականացմանը»։

Լրահոս