Այսօր՝ ժամը 03:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում առևանգել են քաղաքացուն պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը:
Որոնողական աշխատանքների արդյունքում պարեկները գտել են առևանգողին, բարձրախոսով հորդորել են կանգնել, սակայն վերջինս չի ենթարկվել օրինական պահանջին, շարունակել է փախուստը և հասնելով Լամբադա կամրջի մոտ, ուղղություն է վերցրել դեպի Հովեփ Էմին փողոցից Գրիբոյեդովի փողոց:
Արդեն Գրիբոյեդով փողոցում առևանգողը մեքենայով բախվել է ծառին՝ ստանալով մարմնական վնասվածք:
Տեղում պարեկները վնասազերծել են նրան, ցուցաբերել առաջին բուժօգնություն, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան առևանգողը Երևանի բնակիչ 23-ամյա Է. Պ.-ն է, ում վերաբերյալ ոստիկանութան Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «ավտոմեքենայի առևանգում» հատկանիշներով: