«Ընդամենը մի պահ թուլացել էր իրավիճակը, բայց կարճ ժամանակ անց վերսկսվեց հրետակոծությունը։ Քաղաքից անընդհատ հրետակոծության ձայներ են լսվում։ Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների մասին տեղեկություն չկա, բայց քաղաքացիական օբյեկտների վրա հրետանի է աշխատել։ 4 բնակելի տուն, 3–ը Վերիշենում, 1–ը Ակներում, շատ լուրջ վնասներ են կրել։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել»,– ասաց Իրինա Յոլյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ:
Ժամը 18։00–ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։ ՊՆ–ի փոխանցմամբ, չնայած, իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտեսիվությունը զգալիորեն թուլացել է։
Մինչ այս պահը հայտարարվել է 49 զոհի մասին, հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։