22 Նոյեմբերի, 2023
Ադրբեջանի իշխանությունները խուզարկել են AbzasMedia հետաքննական հրատարակության խմբագրությունը և կալանավորել դրա երկու ղեկավարներին։ Այս լրատվամիջոցը գրում էր պաշտոնյաների, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերձավորների շրջանում կոռուպցիայի մասին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից։

AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլին ոստիկանության ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին գնացել է հրատարակություն։ Նրա աչքի տակ կապտուկ է եղել, և նա հայտնել է, որ նույն առավոտյան ոստիկանները բռնել են իրեն և ծեծի ենթարկել։

Լրատվամիջոցի գրասենյակում խուզարկություն է անցկացվել․ ոստիկանները հայտնել են, որ գտել են 40 հազար եվրո։

Նոյեմբերի 21-ի առավոտյան խուզարկություն է անցկացվել նաև AbzasMedia-ի խմբագիր Սևինչ Վագիֆգըզըի տանը։ Վագիֆգըզըին նոյեմբերի 21-ի գիշերը ձերբակալել էին օդանավակայանում, երբ նա վերադարձել էր Ադրբեջան։

Իշխանությունները Հասանլիին և Վագիֆգըզըին մեղադրել են փողերի մաքսանենգության համար։ Նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։

Լրագրողներն իրենց մեղքը չեն ընդունել, իսկ AbzasMedia-ն կարծում է, որ հրատարակության ղեկավարների ձերբակալության իրական պատճառը նրանց կողմից անցկացվող կոռուպցիոն հետաքննություններն են։ Նման կարծիքի են նաև Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, որոնք պահանջում են ազատ արձակել լրագրողներին։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նույնպես մտահոգություն է հայտնել լրագրող Ուլվի Հասանլիի ձերբակալության և «նրա նկատմամբ ենթադրյալ ֆիզիկական բռնության» առնչությամբ։

AbzasMedia-ն Ադրբեջանում հայտնի է պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի իր հետաքննություններով։ Նրա լրագրողները, օրինակ, պարզել են, որ Զանգիլանի շրջանում տեխնոլոգիական «խելացի գյուղի» կառուցման հետևում կանգնած է մի ընկերություն, որը պատկանում է նախագահի օգնականի եղբորը։

Սևինչ Վագիֆգըզըն բազմաթիվ հետաքննությունների հեղինակ է։ Մի քանի տարի առաջ նրան, ինչպես նաև նրա մի քանի այլ գործընկերների, արգելել էին լքել երկիրը։

BBC-ն նշում է, որ Ադրբեջանում ընդունված գործելակերպ է, երբ տարբեր պատրվակներով լրագրողներին արգելում են ճանապարհորդել։

Բազմաթիվ լրագրողներ էլ ձերբակալված են։ Հոկտեմբերի տվյալներով քաղբանտարկյալների ցուցակը, որը հրապարակել են տեղի իրավապաշտպանները, ներառում է ավելի քան 200 անուն։ Ընդամենը մի քանի ամսում այդ թիվը կրկնապատկվել է։

2022 թվականին Transparency International-ի կոռուպցիայի ինդեքսում Ադրբեջանը զբաղեցրել է 157-րդ տեղը Հոնդուրասի, Իրաքի, Մյանմայի և Զիմբաբվեի հետ։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում գրում է, որ երկրում ԶԼՄ-ները գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ։

Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս մեղադրանքները, սակայն երկրում շատերը նշում են, որ Իլհամ Ալիևի իշխանության 20 տարիների ընթացքում ԶԼՄ-ների վիճակը վատթարացել է։

Հոդվածում նշվում է, որ եթե ​​դիտարկենք Ադրբեջանի առաջատար լրատվամիջոցների վերնագրերը, ապա թվում է, թե Ադրբեջանում գրեթե չկան այլ թեմաներ, բացի Ալիևից և Լեռնային Ղարաբաղից։

 

 

Լրահոս