30 Ապրիլի, 2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանության ներկայացուցիչները ջանք չեն խնայում ներկայացնել, որ կառավարությունը չունի ազատ դրամական միջոցներ և այդ միջոցները ընդամենը 15-20 մլրդ դրամի սահմաններում են, որոնք միասնական հաշվի ընթացիկ մնացորդն է:

Այո, միասնական հաշվի մնացորդը տարեվերջին եղել է մոտ 40 մլրդ, որը կարելի է համարել անհրաժեշտ գումար ընթացիկ գործունեության համար և մենք չենք ասում միասնական հաշվի գումարները միանգամից զրոյացնել:

Սակայն, պարզվում է բացի միասնական հաշվից, կառավարությունն ունի այլ հաշիվ (հաշիվներ) կենտրոնական բանկում, որը ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇԻՎ է, և այդ հաշվին տարեվերջի դրությամբ առկա է մոտ 300 մլրդ դրամ ավանդ, որի դիմաց նախորդ տարի ստացել է ավելի քան 10 մլրդ դրամ տոկոսային եկամուտ:
Այս տեղեկությունը առկա է կենտրոնական բանկի հաշվետվություններում, որը կարելի է և պետք է ուսումնասիրել: Առաջիկա օրերին ԿԲ կհրապարակի 2019 թվականի հաշվետվությունը, որտեղ հստակ նշված է կառավարության ժամկետային ավանդի մնացորդի չափը:

Նկարում, 2018 տարեվերջի ավանդի չափն է՝ 135 մլրդ դրամ: Կառավարությանը և կենտրոնական բանկ հարցում եմ ուղարկել այսօրվա դրությամբ ավանդի մնացորդի վերաբերյալ, որից հետո նորից կներկայացնենք առաջարկ այդ գումարները ծախսելու վերաբերյալ, որի աջակցության մասին պաշտոնապես հայտարարել են իշխող խմբակցության պատգամավորները:

Չնայած կարծում եմ, որ 300 մլրդ դրամի տեղը չիմացող պաշտոնյաններն առնվազն պետք է դադարեն ստանձնել տնտեսության համար պատասխանատվություն»

kotayk

Լրահոս