2 Նոյեմբերի, 2016

Սովորական երեւանցին, սակայն,  դեռ շատ երկար տարիներ չի կարող իրեն թույլ տալ օգտվել այս ճոխությունից: Ուստի սույն կոմպլեքսի կողքով ամեն անցնելիս կհիշի, որ դրա կառուցումը թանկ է նստել իր եւ իր քաղաքի վրա, որովհետեւ Օղակաձեւ զբոսայգու մի հսկա կանաչ հատված ոչնչացվել է դրա պատճառով: Քաղաքային զբոսայգին, հիշեցնենք, բոլորի սեփականությունն է, ինչը, իհարկե, չի կարելի ասել առյուծի գլուխը ճակատին դաջած հերթական այս շինության մասին:

Սա, սակայն, չխանգարեց, որպեսզի Ծառուկյանի օբյեկտի բացումը նախագահական մակարդակով լինի: Նախընտրական այս շրջանում Սերժ Սարգսյանի մասնակցությունը նորանոր առեւտրի կենտրոնների, սպորտային համալիրների, հյուրանոցների, ռեստորանային համալիրների, ժամանակակից ավտոկայանատեղիների, նորոգված գետնանցումների բացումներին, իհարկե, քարոզարշավի ժանրից է: Գագիկ Ծառուկյանի դեպքում,  քարոզարշավին գումարվում է նաեւ Ծառուկյանի վերադարձի գործընթացը:

Այս միջոցառմանը ԲՀԿ առաջնորդը մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ իր վերադարձի մասին խոսելու հնարավորություն ստացավ: Չի կարելի ասել, որ նրա շփումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարթ անցավ, սակայն ակնհայտ էր, որ Ծառուկյանը ջանք չէր խնայում որեւէ լրագրողի չվիրավորելու համար:

Նախորդ անգամ, հիշեցնենք, «Ազատություն» ռ/կ-ի լրագրողին նա դիմեց «դու մուտիլովշիկ ես», «պատրաստված շպիոն ես» արտահայտություններով, ինչը լրագրողական հանրության խիստ գնահատականին արժանացավ, ներողություն խնդրելու պահանջ ներկայացվեց: Այս անգամ Ծառուկյանը անկեղծորեն ուզում էր, որ նման բան չլինի, բայց կրկին վրիպեց:

Երբ լրագրողը հարցրեց, թե ով պետք է խնդրի, որ ինքը վերադառնա քաղաքականություն, Ծառուկյանը բավական գռեհիկ տոնով նետեց. «Հենց մեկը, դու»: Ճիշտ է, հետո ժպտաց,  «գեղեցկուհի ջան» եւ այլն, բայց ուշ էր: Բացի այդ, «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի հարցերին պատասխանելու ժամանակ անսպասելիորեն իր գերբի առյուծի դեմքն ընդունեց ու ինչ-որ մեկին ասաց. «Հեռու գնա, ընգեր ջան»: Պարզվեց` օպերատորներից մեկին շփոթել էր «ախրանայի» հետ, անմիջապես էլ սկսեց ջերմ ծիծաղել, թե բա`«կներես, ես իմացա ախրանայից ես եկել, վրես խոսակցություն բերեիր»:

Առաջընթացն, իհարկե, ակնհայտ է, բայց Ծառուկյանն ու նրա մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը դեռ աշխատելու տեղ շատ ունեն: Ինչ վերաբերում է քաղաքականություն վերադառնալու գործընթացին, ապա այստեղ Ծառուկյանը շատ ավելի կոշտ է իրեն պահում: Անցյալ շաբաթ նա խայթեց Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Հովիկ Աբրահամյանին, ասելով, որ եթե կարկառուն քաղաքական գործիչների մոտ չի ստացվում, ինքը կվերադառնա: Այս անգամ Ծառուկյանի թիրախում Սերժ Սարգսյանն էր: «Պետք է խնդրեն, որ Ծառուկյանն այդ ծանրության տակ մտնի»,- ասաց նա: Ո՞ւմ նկատի ունի ԲՀԿ առաջնորդը: Բնականաբար՝ նրան, ով իրեն ստիպել է հեռանալ քաղաքականությունից, այսինքն՝ Սերժ Սարգսյանին:

Շարունակությւոնը՝armtimes.am 

kotayk

Լրահոս