3 Հուլիսի, 2017

Երեւանի Վ. Մայակովսկու անվան համար 7 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը կառավարության որոշմամբ տրամադրվել է «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնին, որը ղեկավարում է վարչապետ Կարեն Կարապետյանի փեսայի քույրը:

Մայակովսկու անվան դպրոցը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում` Երեւանի քաղաքապետարանի մոտ, իսկ Գլոբալ Բրիջի տնօրենն է Աննա Հարությունյանը` Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանի դուստրը եւ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար, վարչապետի փեսա Հայկ Հարությունյանի քույրը:

Կառավարության հունիսի 8-ին ընդունված որոշման համաձայն, մասնավոր կենտրոնին տրամադրված տարածքի ընդհանուր մակերեսը շուրջ 2 հազար 500 քառ. մետր է` 791 միլիոն 500 հազար դրամ գնահատված արժեքով: Այդ տարածքը ներառում է նաեւ դպրոցի մարզադահլիճը եւ կենտրոնին է տրվում անհատույց օգտագործման իրավունքով:

Ուշագրավ է, որ մարզադահլիճը եւս մասնավոր ընկերությանը փոխանցված լինելու հանգամանքը անհայտ է մնացել Մայակովսկու անվան դպրոցի ղեկավարության ու աշխատակիցների համար: Մեզ հետ զրույցում նրանք պնդում էին, որ այդ հատվածն ընդամենը պետք է համատեղ օգտագործել:

Այնինչ կառավարության որոշման մեջ գրված է. «2498,12 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, որից 372,68 քառ. մետր մակերեսով սպորտ դահլիճը (այսուհետ` տարածք) հետ վերցնել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության «Վ. Մայակովսկու անվան N 7 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից եւ անհատույց օգտագործման իրավունքով, 20 տարի ժամկետով, տրամադրել «Գլոբալ Բրիջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը»:

Եվ միայն սա նշելուց հետո է սահմանվում, որ սպորտդահլիճն օգտագործվելու է Մայակովսկու անվան դպրոցի հետ համատեղ:

«Գլոբալ Բրիջ» ընկերությունն, ըստ կառավարության որոշման, պարտավորվել է, որ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո պետք է 20 տարվա ընթացքում կատարի 100 մլն դրամի ներդրում:

Մայակովսկու անվան համար 7 հիմնական դպրոցում հրաժարվեցին պաշտոնապես որեւէ խոսք ասել շենքի մի բավական մեծ մասն օտարվելու վերաբերյալ. քաղաքապետարանն իր ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարությանը բոլորովին ձայնազուրկ է դարձրել: Ավելի ուշ քաղաքապետարանից պատասխանեցին, որ ամեն դեպքում դպրոցն ու իրենք չեն կարող մեկնաբանություններ տալ կառավարության որոշման մասին:

Այդուհանդերձ, դպրոցում մենք տեղեկացանք, որ մասնավոր կազմակերպությանը տրամադրված մասնաշենքում մինչ այժմ գործում էր տարրական դպրոցը` ավելի քան 200 աշակերտով: Այստեղ նաեւ ասում էին, որ «Գլոբալ Բրիջը» հիմնովին վերանորոգելու է Մայակովսկու անվան դպրոցի երեք դասասենյակ ու նաեւ շահագործման հանձնելու երկու զուգարան:

«Գլոբալ Բրիջին» տրամադրված մասնաշենքում արդեն վերանորոգման աշխատանքներ էին ընթանում:

Artimes.com

 

kotayk

Լրահոս