12 Փետրվարի, 2017

Այսօր կայացած ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել: Հիշեցնենք, որ փաստաբանների պալատի խորհուրդը ՓՊ գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է, որն ընտրվում է 4 տարի ժամկետով եւ բաղկացած է 12 անձից: Aravot.am-ի հետ զրույցում առաջադրված թեկնածու, փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց՝ այն ծրագրային դրույթները, որոնք կարեւորում է փաստաբանության զարգացման համար, փորձելու է կյանքի կոչել՝ անկախ նրանից՝ կընտրվի՞, թե ոչ: «Խնդիրներից՝ զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների կիրառումը կառանձնացնեմ, որը կհանգեցնի մեկ անձի իշխանության վերացմանը: Առանց դրա զարգացում ակնկալելն անհնար է: Մյուս խնդիրն էլ թափանցիկության ապահովումն է: Այս հարցերի լուծումը կհանգեցնի նրան, որ ՓՊ-ն կգործի ավելի արդյունավետ»,-նկատեց Երվանդ Վարոսյանը: Փաստաբան Տիգրան Սարգսյանն էլ թեեւ իր թեկնածությունը չի առաջադրել, բայց մեզ հետ զրույցում առանձնացրեց հետեւյալ խնդիրը. «Փաստաբանների մոտ անվստահություն կա ՓՊ բյուջեի տնօրինման, վերահսկման հետ կապված: Խորհրդի որոշ անդամներ ասում են՝ պահանջում են որոշ փաստաթղթեր, որոնք չեն տրամադրվում, եւ դատական կարգով են փորձում դրանք ստանալ: Նման կոնֆլիկտային վիճակ է…Իմ գնահատմամբ՝ դա առաջանում է նրանից, որ խորհրդի անդամները ՓՊ-ում վարչական՝ վճարովի աշխատանքով են զբաղված: Խորհրդի անդամն ընտրվում է, որպեսզի վերահսկի պալատի գործունեությունը: Պատկերացրեք՝ եթե խորհրդի անդամն աշխատում է ՓՊ նախագահի օգնական, տեղակալ, խորհրդական, փաստաբանական դպրոցի տնօրեն, ի՞նչպես կարող է իր վերադասին վերահսկել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/02/11/854733/

© 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

kotayk

Լրահոս