31 Հուլիսի, 2020

ԱԱԾ ներկայիս ղեկավարն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար։ Այս մասի այսօր՝ հուլիսի 31–ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, հայտնում է 168.am-ը։

«Առիթ ունեցել եմ ասելու, որ ԱԱԾ ներկայիս ղեկավարն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար։ Նրա յուրաքանչյուր օր ավելի մնալն այդ պաշտոնում վտանգում է մեր երկրի անվտանգային համակարգը։ Առաջիկայում ավելի մանրամասն կխոսեմ այս մասին։ Միայն այն, որ այդ մարդը չունի որևէ փորձ հետախուզական, հակահետախուզական ոլորտներում, ահաբեկչության դեմ պայքարի և այլ ոլորտներում։ Այսօրվա ինձ ԱԱԾ հրավիրելը և այդ շինծու գործն ինձ մեղսագրելը դրա ուղիղ ապացույցն է»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նաև փոխանցեց, որ այսօր իրենց ԱԱԾ հրավիրելուց հետո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ իրենց մեղսագրված էին անհեթեթ մեղադրանքներ։

«Հաղորդագրության վերջում գրված էր մեկ տող, որ այն պաշտոնյան, որն իմ կողմից վերականգնվել է իր պաշտոնին, նրա կողմից կատարված աշխատանքի արդյունքում պետությանը որևէ լումա չի վերականգնվել։ Հիմա ուզում եմ ասել ու ակնկալում եմ ԱԱԾ-ի պաշտոնական պարզաբանումը՝ իմ ունեցած տվյալներով այդ անձի, որը եղել է մի ստորաբաժանման ղեկավար, աշխատանքի արդյունքում՝ իր նշանակման օրվանից մինչ օրս հարուցվել է 30 և ավելի քրեական գործեր, որի արդյունքում վերականգնվել է մի քանի հարյուր միլիոն դրամի գումարներ։ Իսկ կոնկրետ մեկ գործով հաստատվել է 106 մլն դոլարի չարաշահում։ Այդ գործի անունը ես չեմ ուզում տալ, խորհուրդ եմ տալիս, որպեսզի մեր իրավապահ համակարգը տղամարդկություն ունենա և ասի, թե այդ սպայի, արժանապատիվ սպայի գործունեության արդյունքում՝ ինչ դրական արդյունք է ունեցել ԱԱԾ-ն»,- եզրափակեց ԱԱԾ նախկին տնօրենը։

Արթուր Վանեցյանը նաև նշել է, որ իշխանափոխության ճանապարհին կկիրառեն տարբեր մեթոդներ, եթե պահը հասունանա՝ կարող են լինել փողոցային ակցիաներ, նաև՝ անհնազանդության ակցիաներ։

kotayk

Լրահոս